շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Զինված ուժերում կամավոր ատեստավորման թեմային

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Զինված ուժերում կամավոր ատեստավորման թեմային

Թեմայի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է Զինված ուժերում ատեստավորման գործընթացի մասին, ինչին ի պատասխան Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է, որ ատեստավորման պրոցեսն արդեն իսկ հունիս ամսվա սկզբից մեկնարկել է։ «Մենք արդեն ունենք կամավոր ատեստավորմանը մասնակցած շուրջ 1000 զինծառայող: Առաջին հայտ ներկայացրած 4000 զինծառայողներից 1000-ն արդեն հանձնել են համապատասխան քննությունները։ Ունենք և՛ ատեստավորվածներ, և՛ իհարկե մարդիկ, ովքեր չեն կարողացել հաղթահարել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքն եր: Խոսքը վերաբերում է պատրաստվածության մակարդակին։ Ակնհայտ է, որ այն ստորաբաժանումները, որոնք հավուր պատշաճի պատրաստվել են, կարողանում են հաղթահարել ատեստավորման շեմը, ավելին՝ արձանագրում են շատ լավ արդյունքներ։

Գործընթացը բավականին առողջ է, ունենք դժվարություններ, արձանագրվում են թերություններ, որոնց մասին գիտեինք, բայց արդեն փաստացի արձանագրվում են, և սրա մասով, ինչպես Ձեր կողմից արդեն նշվեց, մենք պետք է շատ արագ և գործնական քայլեր կատարենք թերացումները շտկելու և առաջ շարժվելու համար»
,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը։

Վարչապետը նաև հետաքրքրվել է՝ արդյոք օգոստոսի 1-ից փաստացի կլինեն զինծառայողներ, որոնց աշխատավարձը կկրկնապատկվի, ինչին Սուրեն Պապիկյանը դրական պատասխան է տվել և հավելել. «Մենք ունենք ատեստավորման տարբեր սանդղակներ: Դուք գիտեք, որ կա բավարար նշաձող, կա լավ և կա գերազանց, այսինքն՝ մենք արդեն իսկ ունենք զինծառայողներ, ովքեր հաղթահարել են գերազանցի նշաձողը: Նրանց պարագայում ոչ միայն կրկնակի, այլև կրկնակիից ավելի է աշխատավարձը: Այսինքն՝ կառավարությունը, ըստ էության, ստեղծել է այդ հնարավորությունը, և ամեն ինչ կախված է պատրաստվածությա ն մակարդակից»:

Վարչապետը նաև ընդգծել է, որ այն զինծառայողները, ովքեր չեն հաղթահարել ատեստավորումը՝ հնարավորություն ունեն պատրաստվել և անցնել այն, իսկ այն զինծառայողները, ովքեր ստացել են բավարար կամ լավ, կրկին հնարավորություն ունեն կամավորության սկզբունքով պատրաստվել և բարձրացնել իրենց արդյունքները:

Սուրեն Պապիկյանը հավելել է, որ այդ գործընթացը կարգավորվել է նախարարի հրամանով և եռամսյա ժամկետում, այսինքն՝ նվազագույնը երեք ամիս հետո զինծառայողները կարող են կրկին անգամ դիմել և բարելավել իրենց ցուցանիշները:

Ընդգծելով ևս մեկ կարևոր թեմա, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ կարևոր եմ համարում նաև ուշադրություն հրավիրել բանակում մեր իրականացրած ևս մեկ շատ խորքային, ինստիտուցիոնալ փոփոխությանը, որը ժամկետային զինծառայողների կամավոր ատեստավորման միջոցով պայմանագրային զինծառայության անցնելն է: Այդտեղ էլ ունենք կոնկրետ արդյունքներ: Պիտի նաև ասեմ, որ առնվազն Պաշտպանության նախարարի հետ մեր աշխատանքային քննարկումների ընթացքում դա մեր ոգևորության ամենակարևոր թեմաներից մեկն է, որովհետև ի՞նչ է տեղի ունեցել՝ նախորդ օրը Պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել երկու եղբայրների մասին, որոնք գյուղերից մեկից զորակոչվել են բանակ, և որոշում են կայացրել, որ պիտի «Պաշտպան հայրենյաց» ծրագրին մասնակցեն, ատեստավորվեն: Ատեստավորման արդյունքում եղբայրներից մեկը հաղթահարել է ատեստավորումը, և կստանա բարձր աշխատավարձ»:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հավելել է՝ քանի որ նրանց զորամասը նաև մարտական հերթապահություն իրականացնող է, բավարարի պարագայում՝ 330.000 դրամ, լավի դեպքում՝ 420.000 դրամ աշխատավարձի մասին է խոսքը:

Վարչապետը շարունակելով, նշել է. «Հիմա այդ աշխատավարձը նշանակվել է: Եղբայրներից մեկը հաղթահարել էր, մյուսը չէր հաղթահարել, բայց միևնույնն է՝ պայմանագրային զինծառայության էր անցել և դեռ պատրաստվում է շարունակել: Վերադարձել են իրենց տուն, ապրում են իրենց տանը, դարձել են պրոֆեսիոնալ զինվոր և կծառայեն իրենց ծանոթ միջավայրում: Ամեն ամիս իրենց տուն կմտնի առնվազն 600.000 դրամ: Սա շատ կարևոր բան է: Երբ ժամանակին ասում էինք, կառավարության ծրագրում գրում էինք, որ պետք է պրոֆեսիոնալ բանակ հիմնենք և ժամկետային զինծառայության բանաձևերն ու մոտեցումները փոփոխություն կրեն, այն ժամանակ շատ քննադատություններ էին ուղղված, թե ինչպե՞ս է արվելու, այս ի՞նչ ծրագիր է: Պաշտպանության նախարարության հրապարակած նախորդ օրվա տեսանյութը, ռեպորտաժն այս դահլիճում մեր ասածի, հայտարարածի և նաև այլ ֆորմատներով հայտարարածի կոնկրետ իրականացումն է, որը հանրամատչելի է, և յուրաքանչյուրը կարող է տեսնել:

Մեկ ուրիշ կարևոր լուր է ինձ հաղորդել Պաշտպանության նախարարը, որով ուզում եմ կիսվել: Մեր դիտարկմամբ՝ այս տարի կունենանք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդների բավականին մեծ թիվ, զգալի աճ: Իհարկե, այդ թվերը չենք հրապարակի, բայց զգալի աճ ունենք, և ուզում եմ ասել, որ դա կապված է նաև այս դահլիճում մեր կայացրած մեկ այլ որոշման հետ, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունված, ավարտած և ծառայության անցած սպաները ծառայության անցնելու պահին կստանան բնակարան: Իհարկե, այնտեղ կարգավորումներն այնպես ենք անում, որ դա կհամա? ?վի իրենց սեփականությունը, բայց մինչև ծառայության ավարտն այն օտարելու հնարավորություն նրանք չեն ունենա: Ենթադրաբար կարող են լինել նաև Երևանում, բայց նրանք եթե օրինակ ծառայում են Սյունիքի մարզում, կարող են այդ բնակարանները վարձակալության տալ, և իրենց ընտանիքի կարիքները լրացուցիչ բավարարել»:


Այս առումով, կառավարության ղեկավարը կարևորել է նաև հանրակրթության և բարձրագույն կրթության բարեփոխումների տրամաբանության մեջ ռազմական կրթության կիրառումը նույնպես: «Պիտի նաև ընդգծեմ, որ մեր ծրագրերում է սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց ունենալը, որն այժմ արդեն համոզված ենք, որ պիտի տեղակայվի Ակադեմիական քաղաքում, որի ծրագիրը, ըստ էության, հիմա շատ մեծ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ մտել է իրականացման փուլ: Առաջիկայում մենք կունենանք գլխավոր հատակագիծը և կսկսենք նախագծերը հերթով, փուլ-փուլ իրականացնել»,- ասել է վարչապետը և խնդրել ԿԳՄՍ նախարարին տեղեկություններ տրամադրել այս տարվա բուհական ընդունելության քննությունների և դրանց արդյունքների մասին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս պահին արդեն ամփոփվել են հիմնական փուլի արդյունքները: «Այս տարի մեր դիմորդների թիվը 13314 էր, որը համադրելի է նախորդ 2 տարիների թվի հետ: Ընդունվածների ընդհանուր թիվը 9147 է, և դա կրկին մոտավորապես համադրելի ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ: Անվճար տեղերի թիվը եղել է 2128: Այդ տեղերից սպառվել կամ ընդունվել են 1782-ը, որը 83.7 տոկոսն է: Սա էլ համադրելի ցուցանիշ է նախորդ տարիների հետ: Վճարովի տեղերը հատկացված են եղել 15984-ի չափով, ընդունելությունն իրականացված է 7242-ի չափով: Սա, իհարկե, շատ ցածր ցուցանիշ է , և դա նորություն չէ, 45.3 տոկոսն է: Ընդ որում, պետք է շեշտեմ, որ սրա մեջ մտնում է թե՛ պետական, թե՛ ոչ պետական բուհերի ցուցանիշները: Օրինակ, ոչ պետական բուհերի պարագայում 3700-ից ավելի տեղ է հատկացված եղել, որոնցից ընդունելությունը շուրջ 3 տոկոս է: Այսինքն՝ իրականում գրեթե ընդունելություն չի իրականացվում ոչ պետական բուհերում, և դա նույնպես իր ազդեցությունն է ունենում այս ցածր ցուցանիշի վրա: Բայց սա նաև ցույց է տալիս, որ մենք էականորեն մտածելու բան ունենք, թե ինչպես ենք այս մասնագիտությունները և տեղերը պլանավորում: Այսինքն՝ արդյոք, օրինակ այս 15984 վճարովի տեղերը, որոնք բուհերը սահմանել են, որ կազմակերպեն կրթությունը, իրոք հենց այն ուղղություններն են, որոնցով պետք է այդ կրթությունն իրականացվի: Իհարկե, այստեղ ունենք ցուցանիշներ, որոնք հատկապես մտահոգիչ են մի քանի բուհերի մասով: Շարունակում է շատ ցածր ու մտահոգիչ մնալ ագրարային ուղղությամբ ընդունելությունը Ագրարային համալսարանում: Հատկացված տեղերի ցուցանիշով ընդամենը 7 տոկոս է ընդունելությունը կազմում հիմնական փուլով: Եվ, իհարկե, այստեղ իրոք շատ մեծ աշխատանք կա անելու, որին էլ ուղղված է մեր բարեփոխումների պրոցեսը»,- եզրափ? ?կել է ԿԳՄՍ նախարարը:

Վարչապետը թեմայի առնչությամբ ընդգծել է, որ բուհական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, և կառավարության պարտքն է այդ խորը ճգնաժամը հաղթահարել. «Լավ լուրն այն է, որ կառավարությունն ունի ծրագիր, թե ինչպես հաղթահարել այդ ճգնաժամը: Հաջորդ լավ լուրն այն է, որ այդ ծրագիրն սկսել է իրագործվել: Խոսքը «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Մեջբերելով նախարարի խոսքը Ագրարային համալսարանի վերաբերյալ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ակադեմիական քաղաքում հենց բուհին կից պետք է լինեն մի քանի տասնյակ հեկտար փորձարարական վարելահողեր, այգիներ, ֆերմերային տնտեսություն, որպեսզի ուսանողը լսարանից դուրս գալու և այգի մտնելու, իր սովորածը տեղում կիրառելու և կիրառածի արդյունքներն ամփոփելու և լսարան վերադառնալու հնարավորություն ունենա:

Նիկոլ Փաշինյանը հիշատակել է ԿԳՄՍ նախարարության կողմից տարածված այն հայտարարությունը, ըստ որի՝ ազդարարվում է մինչև 2030 թվականը կրթության զարգացման ռազմավարության իրագործման փուլը և ընդգծել, որ այդ ռազմավարության մեջ բուհերի հատվածով այլոց շարքում կա մի հետևյալ առանձնահատկություն, որ հանրապետությունում պետք է լինի մինչև 8 լիարժեք պետական ֆինանսավորմամբ բուհ:

Կառավարության ղեկավարի այն հարցին, թե ինչ ճանապարհով է առաջարկվում իրագործել այս ծրագիրը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է, որ հուլիսի 17-ին հրապարակվել է բաց հրավեր՝ ուղղված բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին, որն իրականացվում է բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման գործընթացի շրջանակներում: Նախարարը մանրամասնել է, որ նախորդ տարի վարչապետի հրամանով ձևավորած աշխատանքային խումբն ուսումնասիրել է առկա իրավիճակը՝ ընդունելությունների, դիմորդների թիվը, պահանջար կը, իրականացվող կրթական ծրագրերը և առանձնացրել է 6 հիմնական ուղղություններ, որոնցով ակնկալվում է բարձրագույն կրթության կազմակերպումը: «Դրանք հետևյալն են՝ դասական ուղղվածության բուհը, որտեղ պետք է լինեն հիմնականում հիմնարար գիտությունները, այդ թվում՝ թե՛ բնագիտական, թե՛ հասարակագիտական, և՛ հումանիտար բնագավառների, բժշկական ուղղությունը, տեխնոլոգիականը, որում ներառվելու են հիմնականում կիրառական գիտությունները, ճարտարագիտության բնագավառը, ագրոտեխնոլոգիական ոլորտը, շինարարական տեխնոլոգիաները, կրթականը, արվեստներինը և սպայական? ?: Հիմա մենք հայտարարություն ենք հրապարակել, որում հրավիրել ենք մինչև փետրվարի 15-ը մեր մասնագիտական հանրույթին իրականացնել քննարկումներ և մեզ ներկայացնել հայեցակարգային առաջարկներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Ըստ ԿԳՄՍ նախարարի, պլանավորվում է, որ առաջին փուլում այս 6 ուղղություններից 4-ը՝ տեխնոլոգիականը, կրթականը, արվեստներինը և սպայականը կտեղակայվեն Ակադեմիական քաղաքում, որն էլ արդեն պլանավորվում է թե՛ գլխավոր հատակագծի, թե՛ նախագծման գործընթացում: Նախարարը հավելել է, որ գործընթացին միանալու են նաև միջազգային փորձագետներ, ովք? ?ր կաջակցեն նաև հայեցակարգային առաջարկները ներկայացնելու գործում: «Սահմանվել է, որ 2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն նախատեսվում է, որ կստանան միայն խոշորացված բուհերը և դրանց միավորված գիտական կազմակերպությունները, ընդ որում հստակ խթաններ են սահմանվել, որ այս բուհերում և դրանց միավորված գիտահետազոտական կազմակերպություններում նախատեսվելու է աշխատավարձերի կրկնապատկում, և էականորեն վերանայվելու է դասախոսների աշխատանքի կառուցվածքը, որպեսզի հետազոտությունը դառնա բարձրագույն կրթության անբաժանելի մասը: Առանձին պետական ֆինանսավորում է տրամադրվելու գիտական հետազոտությունների զարգացման ծրագրերին, որն էլ կօգնի ապահովել բարձրագույն կրթության մրցունակությունը»,- իր խոսքը եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ գործընթացի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխանող բուհեր: «Այսօր Հայաստանում չկա գեթ մեկ բուհ՝ ո՛չ հայկական, ո՛չ արտերկրյա, որը մեր օրենսդրությամբ և հավաստագրման, արտոնագրման պայմաններին համապատասխանի: Չկա ուղղակի այդպիսի բուհ: Այս ցուցանիշները, որ մենք նայում ենք, սրա հետևանքն են: 2027 թվականից հետո թույլ չենք տալու որևէ նման բուհի գոյություն, որովհետև դա նշանակում է, որ մեր ուսանողներին, ըստ էության, չասեմ՝ խաբում ենք, բայց դրան նմանվող ինչ-որ բանով ենք զբաղված: Այս տրամաբանության մեջ բուհերը գործելու են միայն Ակադեմիական քաղաքում:

Ես խնդրում եմ, կոչ եմ անում, որ բոլոր թե՛ հայաստանյան, թե՛ Հայաստանում գործող օտարերկրյա արտոնագրերով բուհերը տրամադրվեն այս ուղղությամբ դիրքավորվելու այս նախագծի շուրջ»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը թեման եզրափակել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի գնահատմամբ, ըստ որի՝ գյուղական բնակավայրերում կան ուսուցիչներ, ովքեր ամսական ստանում են 400.000 դրամ և ավելի աշխատավարձ: «Սա շատ կարևոր արձանագրում է, և մենք այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք: Նման փաստերի արձանագրումն ուժեղացնում է մեր համոզմունքը բարեփոխումների կուրսի ճշմարտացիության և արդյունավետության վերաբերյալ»,- նշել է վարչապետը:

  • Կիսվել: