Կան զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք. Քոչարյան
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կան հայ զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել հայկական կողմի տնօրինման տարածք: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցում:
«Կան դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք»,-ասաց Քոչարյանը:
Այսպիսով, ըստ պատգամավորի՝ կան դիրքեր, որտեղ կան մարմիններ, որոնք պետք է տեղափոխվեն հայկական կողմի տնօրինման տարածք: Նրա խոսքով՝ դա այս պահի դրությամբ բարդ խնդիր է, հրադադարի պայմանաներում նման գործողությունները որոշակի ընթացակարգ են պարունակում, ամեն ինչ կլինի ըստ անվտանգային գործողությունների տրամաբանության:
Քոչարյանը չի կարողացել նաեւ հստակ պատասխանել այն հարցին, թե ինչու այդ դեպքում չեն հրապարակվում զոհվածների անունները։ Նա միայն հավաստիացրել է, որ անուններն անպայման կհրապարակվեն։
Հարցին, թե որն է խնդիրը, եւ ինչու մինչեւ հիմա դա չի արվել, հատկապես հաշվի առնելով այն, որ զոհվածների անձը պարզվել է, պատգամավորը խորիմաստ ասել է. «խնդիրը խնդրի բացակայությունն է»։
«Այդ ընթացակարգերը՝ ճանաչում, զոհվածների ցուցակների կազմում եւ տեղեկացում, հաջորդում են միմյանց։ Ամեն բան՝ իր ժամանակին»,- ասել է Քոչարյանը։