Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ներողություն խնդրել բանակում սպանությունների և ինքնասպանությունների հետևանքով զոհված զինծառայողների ծնողներից։ Նա Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ այսպես է պատասխանել  երիտասարդի՝ տարեսկզբից ծառայության հետ կապված հանգամանքներում 15 զինծառայողի զոհվելու մասին հարցին։

Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այո՛, ես կարող եմ ներողություն խնդրել։ Եվ խնդրում եմ, և խնդրել եմ... Եղել են դեպքեր, այդ թվում՝ այս խնդրի կապակցությամբ հրապարակայնորեն հայտարարվել է հրաժարականների մասին։ Բայց, անկեղծ ասած, այդ հրաժարականներն ավելի շատ քաղաքական մակարդակում էին։ Իսկ այն հարցերը, թե տեղում կոնկրետ որ պաշտոնյան չի կատարել իր պարտականությունները, սովորաբար պարզվում են քրեական գործերի շրջանակներում»:
 

Ըստ Փաշինյանի՝ շարունակվող ողբերգությունների ֆոնին մտադիր չէ մնալ կողմնակի դիտորդ։ Նրա խոսքով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, և միջոցներ են ձեռնարկվում իրավիճակն ուսումնասիրելու և լուծումներ գտնելու համար։

Նա միաժամանակ նաև առաջարկել է հաշվի առնել նաև քաղաքացիական կյանքում ինքնասպանության դեպքերը՝ նշելով, որ նման ողբերգություններ տեղի են ունենում ոչ միայն բանակում։

Վարչապետը հավելել է, որ լիովին ընդունում է զինծառայողների զոհվելու կապակցությամբ հնչող մտահոգությունները, հարցերն ու քննադատությունը։