ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հրամանատա՛ր, կողքդ եմ. Արմավիրցի Դավիթ Խնուսյանի իմացեալ մահը

Հրամանատա՛ր, կողքդ եմ. Արմավիրցի Դավիթ Խնուսյանի իմացեալ մահը

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչներն  Հայաստանի հարյուրավոր այլ գյուղերի բնակիչների նման որևէ կերպ իրենց մասնակցություն են ունեցել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին։ Գյուղապետ Արամայիս Մխիթարյանն ասում է, որ գյուղից մի քանի տասնակ մարդ է մասնակցել կռիվներին, երկու զոհ են ունեցել։

Նրանցից մեկը 25-ամյա Դավիթ Խնուսյանն է։ Մեզ հետ զրույցում Դավթի ծնողներն հուզմունքից մերթընդմերթ խզվող ձայնով պատմում են որդու խիզխության, անձնվիրության ու մահվան հանգամաքների մասին։

Դպրոցն ավարտելուց ու հայրենիքի հանդեպ իր պատքը կատարելուց հետո որոշել է մեկնել  Մոսկվա՝ եղբոր մոտ։ Մայրը՝ Նարինեն պատմում է, որ անցած ամառ հայրենի գյուղ էր վերադարձել, սիրած աղջիկ գտել ու որոշել ամուսանանալ։ Բայց կյանքն այլ բան էր նախատեսել։

Սեպտեմբերի 27-ին պատերազմի գույժն առնելուն պես Դավիթին առանց վարանելու մեկնել է զինկոմիսարիատ՝ կամավորագրվելու։ Աչքից չի վրիպել, որ հեռախոսահամարը վերցնելուց մի թվի սխալմունք է եղել, վերադարձել ու շտկել է տվել։ «Անկեղծ երեխա էր»,- խոր հառաչելով ասում է Նարինեն։

Հետո  վերհիշում է որդու զինծառայության տարիները․ «Հադրութում էր ծառայում, առաջին պաշտպանական գծում, դիպուկահար էր։ Պարգևներ էր ստացել։ Ծառայությունից հետո էլ ուշքն ու միտքն Արցախի կողմն  էր»։

Մոր հորդորներին՝ թե ծանր տեղ ես ծառայել, էլ ու՞ր ես գնում, որդին ասել է․ «Մա՛մ ջան, իմ աղբերներն էնտեղ, ես էստեղ ոնց հանգիստ նստեմ»։

Հոկտեմբերի 21-ին հայրենիքը կանչում է Դավիթին ու, ստանալով մայրական օրհնությունը, օրեր անց մեկում է ռազմաճակատ։

«Տարբեր տեղերում է եղել, տարբեր տեղերում է կռվել։ Նոյեմբերի 8-ին տեղափոխել են Շուշի»,- մեր զրույցին է միանում  Դավիթի հայրն ու մանրամասն պատմում՝ ինչ է տեղի ունեցել, ինչպես։

Քարինտակի ուղղությամբ հատուկ առաջադրանք իրականացնելու համար Դավիթն առաջինն է արձագանքել հրամանատարի կոչին։ «Հրամանատա՛ր, կողքդ եմ»,- որդու մարտական ընկերներից լսած խոսքերն է փոխանցում հայրն ու հավելում, թե Դավիթի քաջությունը զինակիցներին ոգեշնչել է, նրանք էլ են միացել։

No description available.

Առաջադրանքի մեկնելուց ժամեր առաջ զանգել է հարազատներին, զրուցել նրանց հետ, ընկերուհուց՝ ամուսնության խոստում ստացել։  Մոր հետ խոսելիս  ասել է․ «Մամ ջան, գլուխդ ցածր չպահես, միշտ «դուխդ» տեղը, որովհետև դու թագավոր տղա ունես»։  Նարինեի ձայնը հուզմունքից դողում է խոսակցությունը հիշելիս․ «Ինձ թվում ա՝ արդեն իմանում էր, որ ինքը պիտի գնա»։

Շուշիի մատույցներում՝ թշնամու հետ դաժան մերձամարտի են բռնվում։ ՈւԱԶ-ի վարորդը, Դավիթն ու հրամանատարը զոհվում են։  Հայրը պատմում է, որ մեծ դժվարությամբ՝ տանկերի օգնությամբ է հնարավոր եղել վիրավորներին ու զոհվածներին դուրս բերել։  «էն օրն ենք հասել, որ դիերն էլ ստանում ենք, արդեն մխիթարություն ա»,- ասում է  Նարինեն։

No description available.

Ամուսինները հպարտութայմբ են խոսում իրենց կրտսեր որդու մասին։ Ասում են՝ կյանքի ու մահվան միջև ընտրեց իմացեալ մահը։ «Մանկությունից վախ չի ունեցել։ Թե մի կռիվ լիներ, գնում բաժանում էր։ Երևի էս էր իր ճակատագիրը, որ ինքն ընտրեց»,- ախ է քաշում մայրը, հայրն էլ՝ սրտնեղում՝ թե բացի մոտիկ-հարազատներից  որդուն հիշող, գնահատող չկա։ Պատկան մարմիններից էլ որևէ մեկը չի հետաքրքրվել։

Որդեկորույս ծնողներն իրենց մխիթարությունը  թոռնիկի մեջ են գտնում։ Նարինեն պատմում է՝ ամեն ինչով Դավիթին է նման։ Հորեղբոր նկարը գրկած քնում է ու սպասում նրա վերադարձին։  Սգավոր մայրն ասում է՝ շատ կուզեր, որ դպրոցի դասասենյակը, որտեղ սովորել է Դավիթը, իր որդու անունը կրեր։ «Շատ կուզեմ, որ Գաբրիելս (թոռնիկը, խմբ․) դպրոց  գնալիս հպարտանա իր հորեղբորով»,- իր սրտի ցանկությունն է հայտնում Նարինեն։

Համայնքապետ Արամայիս Մխիթարյանն, ով նույնպես իր մասնակցությունն է ունեցել արցախյան երկրորդ պատերազմին, InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց, որ  անվանակոչություն գյուղի զոհված հերոսների անուններով կլինի։

«Գյուղում Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան ունենք,  որտեղ նաև հուշաքարեր կան՝ և՛ հայրենական պատերազմի և՛ արցախյան պատերազմի զոհերի անուններով։  Վերջին երկու զոհերի անուններն էլ ավելացրել ենք»,-ասաց  գյուղապետն ու հավելեց, որ գյուղի դպրոցն արցախյան առաջին պատերազմում զոհվածներից մեկի՝ Յուրա Հովհաննիսյանի անունով է։ «Կամ դպրոցի դասարան, կամ որևէ փողոց կանվանակոչենք։ Այս պահին հստակ որոշում չկա, բայց ցանկություն ունենք»,- ասաց Արամայիս Մխիթարյանը։

  • Կիսվել: