կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հետո ի՞նչ է լինելու․ նոր խորհրդարան է լինելու, նոր Հայկ Սարգսյան է գալու ու էլի նոր օրենքի նախագիծ է բերելու 23-24 տարեկանների համա՞ր․ Աղազարյան

Հետո ի՞նչ է լինելու․ նոր խորհրդարան է լինելու, նոր Հայկ Սարգսյան է գալու ու էլի նոր օրենքի նախագիծ է բերելու 23-24 տարեկանների համա՞ր․ Աղազարյան

Հասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում այս նախագիծը, բայց վատ վարքագիծ դաստիարակելու էլեմենտներ էլ կան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հայկ Սարգսյանը նշեց, որ օրենքը տարածվելու է այն անձանց նկատմամբ, ում 25 տարին լրացել է  օրենքի ընդունման պահին։

«Ինչո՞ւ 25 տարեկան և ավելի բարձր. որովհետև փորձը ցույց է տալիս, որ մենք արեցինք համաներում, որից կարողացան օգտվել 27 տարին լրացած քաղաքացիները, բայց ունենք 25-26 տարեկան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք այս ընթացքում չեն վերադարձել և ծառայել, այսինքն՝ նրանք չօգտվեցին իրենց ծառայելու հնարավորությունից և այսօր գտնվում են քրեական հետապնդման ներքո՝ չունենալով որևէ այլ տարբերակ՝ ազատազրկումից բացի»,- մանրամասներ պատգամավորը։

Ըստ Հայկ Սարգսյանի՝ ծառայությունից խուսափելու համար նախատեսվում է  5 տարվա ազատազրկում, իսկ այդ դեպքում ամեն մի քաղաքացուն պահելու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 5 միլիոն դրամ: «Այսինքն՝ եթե մենք քաղաքացուն հայտնաբերենք, բերենք-պահենք, 5 տարում մենք քաղաքացու վրա ծախսելու ենք մոտ 25 միլիոն դրամ: Բացի դրանից՝ մենք չենք էլ կարողանում այդ քաղաքացիներին դատապարտել»,- նշեց նա։

Հովիկ Աղազարյանն էլ արձագանքեց՝ եթե քաղաքացին 24 տարեկան է, ապա նրան ինչ է սպասվում․ «Հետո ի՞նչ է լինելու․ նոր խորհրդարան է լինելու, նոր Հայկ Սարգսյան է գալու ու էլի նոր օրենքի նախագիծ է բերելու 23-24 տարեկանների համա՞ր»։

Հայկ Սարգսյանն էլ նշեց, թե ինչ է առաջարկում պատգամավորը՝ բոլորին ասեն, որ պետք է դատապարտվեն և չտան հնարավորությո՞ւն։

«2022 թվականին, երբ որևէ կարգավորում չկար քաղաքացիների համար, որոնք չեն ծառայել՝ ազատվելու պատասխանատվությունից, ունեցել ենք 10 հազարից ավելի քաղաքացիներ, որոնք հետախուզվել են բանակում չծառայելու համար և այդ 10 հազար քաղաքացուց ընդամենը 420-ն են հայտնաբերվել կամ կամովին ներկայացել: Կարո՞ղ եք ենթադրել՝ այս 420 քաղաքացուց քանիսն են դատապարտվել ազատազրկման: Նրանցից մեկն է դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: Այսինքն՝ նրանք փաստացի չեն էլ ազատազրկվում»,- ասաց պատգամավորը:

  • Կիսվել: