կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը Հնդկաստանից կարող է ձեռք բերել «Ակաշ» զենիթահրթիռային համակարգեր. «EurAsianTimes»

Հայաստանը Հնդկաստանից կարող է ձեռք բերել «Ակաշ» զենիթահրթիռային համակարգեր. «EurAsianTimes»

Հայաստանը կարող է Հնդկաստանից գնել «Ակաշ» փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգեր՝ խոցելի գոտիներն ու կետերը օդային հարձակումներից պաշտպանելու համար, գրում է «EurAsianTimes» պորտալը։

Նշվում է, որ համալիրը կարող է միաժամանակ մի քանի թիրախներ խոցել խմբային կամ ինքնավար ռեժիմով։ Այն ունի ներկառուցված էլեկտրոնային հակաքայլերի (ECCM) հնարավորություններ: Զենքի ամբողջ համակարգը տեղակայված է շարժական հարթակների վրա։

Բացի այդ՝ այն կարող է արդյունավետորեն խոցել ուղղաթիռներ, կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում են 4–25 կիլոմետր շառավղով։ Համալիրն ամբողջովին ավտոմատ է, արագ հայտնաբերում է թիրախները և ոչնչացնում դրանք:

Այն բարձր կայունություն ունի է ակտիվ և պասիվ խոչընդոտների նկատմամբ: Այն կարելի է արագ փոխադրել և նաև արագ տեղակայել:

Նաև հաղորդվում է, որ «Ակաշ» ԶՀՀ պատվերներն արդեն ստացվել են, և Հայաստանը դիտարկվում է որպես արտահանման ամենահավանական ուղղություն:

2022 թվականի հոկտեմբերին հաղորդվել էր, որ Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի, պարեկող զինամթերքի և «Ակաշ» համալիրի ձեռքբերմամբ։

«Մի քանի թիրախներ խոցելու և և մանևրող թիրախներ ոչնչացնելու ունակությամբ, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), թևավոր հրթիռները և ուղղաթիռներից արձակվող հրթիռները, «Ակաշը» կատարելապես համապատասխանում է Բաքվի ԱԹՍ-ների դեմ պայքարում Երևանի կարիքներին»,-գրում է պորտալը և հավելում, որ Երևանը նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ֆրանսիայի հետ «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի գնման վերաբերյալ։ Ադրբեջանին հակազդելու համար Հայաստանը ձեռք է բերել նաև հնդկական «Pinaka» բազմափողանի հրթիռային կայաններ, «Konkurs» հակատանկային կառավարվող հրթիռներ և զինամթերք։

Նշվում է նաև, որՀնդկաստանը Հայաստանին կմատակարարի 41,5 մլն դոլար արժողությամբ հակադրոնային համակարգ։

Հնդկաստանի կողմից արտահանվող զենքերն արդեն ընդգրկվել են երկրի զինված ուժերի սպառազինության մեջ, ինչը վկայում է դրանց արդյունավետության մասին, իսկ Հայաստանը դարձել է հնդկական զենքի խոշորագույն ներկրողներից մեկը։

«Երևանն արդեն որոշ ժամանակ փորձում է դիվերսիֆիկացնել իր զենքի ներկրումը և նոր դաշնակիցներ գտնել այն բանից հետո, երբ Ռուսաստանը չկարողացավ երկրին մատակարարել մոտ 400 միլիոն դոլարի պատվիրված զենքը»,-նշում է աղբյուրը:

  • Կիսվել: