չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գերմանիան դեռ հավաքագրում է Հայաստանում ԵՄ առաքելության անդամներին. դեսպան

Գերմանիան դեռ հավաքագրում է Հայաստանում ԵՄ առաքելության անդամներին. դեսպան

Գերմանիան Հայաստանում ԵՄ առաքելության իր անդամների հավաքագրման փուլում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերը։

Հիշեցնենք, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը սկսել է իր աշխատանքը փետրվարի 20-ից։ Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով 2 տարի ժամկետով  տեղակայվող առաքելության կազմում 100 դիտորդ կա։ Ինչպես տեղեկացրել է Եվրամիությունը՝ նրանցից 50-ն անզեն են։ Գերմանիայի նախարարների դաշնային կաբինետի որոշմամբ՝  Գերմանիան առաքելության կազմում ներկայացված կլինի առավելագույնը 15 ոստիկանով։

NEWS.am-ը Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ զրուցել է   առաքելության նպատակների եւ տարածաշրջանում կայունություն հաստատելու Գերմանիայի ջանքերի մասին։

Պարոն դեսպան, Եվրամիության քաղաքացիական առաքելությունը սկսել է գործունեությունը Հայաստանում։ 15 գերմանացի ոստիկան է ընդգրկված առաքելության կազմում։ Խնդրում եմ վերահաստատել՝ վերջնակա՞ն է առաքելության կազմում ընդգրկված գերմանացի ոստիկանների թիվը, արդյոք գերմանացի փորձագետներ նույնպես ընդգրկված են, թե ոչ։ Բացի այդ՝ տեսնում ենք, որ Գերմանիան ակտիվացրել է իր դերակատարությունը տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում, ինչո՞ւ։

Գերմանիան էականորեն մասնակցում է Եվրամիության այս քաղաքացիական մոնիտորինգային առաքելությանը, գաղափարին աջակցել է սկզբից։ Այս առաքելությունը, որը գործունեությունը սկսել է մի քանի օր առաջ, կգլխավորի Գերմանիայի քաղաքացի։  Մի խումբ գերմանացիներ ներգրավված կլինեն քաղաքացիական առաքելության կազմում. հստակ թիվն այս պահին չեմ կարող ասել՝ մենք այժմ հավաքագրման փուլում ենք։ Առաքելությունը կոչված է օժանդակելու տուժած շրջաններում կայունությանը եւ վստահության կառուցմանը, ինչպես նաեւ համագործակցելու բնակչության հետ՝ տարածաշրջանում եւ տուժած շրջաններում կայունությունը մեծացնելու նպատակով: Իհարկե, սա եվրոպական մեծ ջանքերի մի մասն է, որին Գերմանիան ակտիվորեն աջակցում է տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղ կարգավորման համար։ Սա մեր բոլորի շահերից է բխում եւ Գերմանիան ակտիվորեն օժանդակում է Եվրոպական միության ջանքերին։ Մենք Հայաստանի, տարածաշրջանի երկրների հետ ակտիվ քաղաքական երկխոսություն ունենք։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բեռլինում է, որտեղ հանդիպում կունենա մեր կանցլերի, նաեւ նախագահի հետ։ Մենք մշտապես ակտիվ երկխոսություն ունենք եւ սա շարունակական կլինի։ 

Ի՞նչ կասեք Ադրբեջանից հնչող հայտարարությունների մասին: Ադրբեջանի նախագահը դժգոհ է առանց իր համաձայնության Հայաստան առաքելություն ուղարկելու որոշմանը։

Ես չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունները։ Ադրբեջանն, իհարկե մասնակցում է միջազգային միջնորդությամբ բանակցային գործընթացին, եւ Եվրամիությունը ակտիվ աջակցում է դրան։

Ի՞նչ կասեք Մոսկվայից հնչող հայտարարությունների առնչությամբ։ Մոսկվան Հայաստան Եվրամիության առաքելություն ուղարկելը համարում է աշխարհաքաղաքական լարվածություն առաջացնելու փորձ։

Ինչպես ասեցի, այս ջանքերն ուղղված են տարածաշրջանում բարգավաճում, կայունություն եւ խաղաղություն բերելուն։ Կոնկրետ այս առաքելությունն ուղղված է վստահության ամրապնդմանը եւ կայունությանը։

Քանի որ Հայաստանի վարչապետի կողմից եղել է նման հայտարարություն, արդյո՞ք Եվրամիությունը ունի նման մտավախություն, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմական հարձակման են պատրաստվում Ադրբեջանի դեմ։

Շնորհակալություն։

  • Կիսվել: