երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
F-16-երի հետ Ադրբեջանը վաղուց էր աշխատում, ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների. Արծրուն Հովհաննիսյան

F-16-երի հետ Ադրբեջանը վաղուց էր աշխատում, ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների. Արծրուն Հովհաննիսյան

Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներն Ադրբեջանում օգոստոսի 13-14-ի զորավարժությունների ավարտից հետո չեն հանվել, այլ մնացել են օդանավակայաններում։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՀ ՊՆ-ն այդ հարցը բարձրացրել է համապատասխան մարմիններում։

Նշենք, որ F-16 կործանիչների մասին գրավոր հարց ՊՆ ներկայացուցչին ուղղել էր նաև Infoport-ը։

«Ադրբեջանը փորձում է ամեն կերպ սա չընդունել, նաև երեկ ծիծաղելի հայտարարություն արեց, թե իրենց ռազմաօդային ուժերի կազմում չկան F-16-եր: Մենք շատ լավ գիտենք, թե իրենց ռազմաօդային ուժերի կազմում ինչ կործանիչներ կան: Լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները չեն կարող իրենց առաջադրված խնդիրները կատարել ինչպես հարկն են: Դրա համար F-16-երն այնտեղ են: ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում՝ ռադիոտեխնիկական հետախուզական միջոցների, և բոլոր նրանց, ովքեր հերքում են և փորձում են լուրջ չվերաբերվել մեր պաշտոնական տեղեկություններին, համապատասխան անակնկալներ են սպասվում», - հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ապացույցները հավաքել են տեղին, ժամանակին այդ անակնկալները կներկայացնեն:

Նրա խոսքով, F-16-երը օրեր առաջ բերվել էին, աշխատում էին, կատարում էին հետախուզական թռիչքներ, մարտավարական լուծումներ, դրանք բերվել էին, քանի որ ադրբեջանական օդուժը չէր կարող այդ խնդիրը լուծել:

Երկրորդ, ըստ նրա, թուրքական օդուժից բերվել են նաև այլ սարքեր, օրինակ «Բայրաքթար» և այլ տեսակի ԱԹՍ-ները, որոնք համադրելի չեն «Միգ-29»-ի կամ «ՍՈւ-25»-ի հետ, հետևաբար պետք էր F-16-ը, որպեսզի կարողանա այս համադրումն իրականացնել:

«Մենք շատ լավ հասկանում ենք, այդքան փորձ ունենք, որ F-16-ն օդում է, «Բայրաքթարին» է օգնում: Զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի կառավարման ինքնաթիռ է թռչում թուրքական: Բորտերով, համարներով գիտենք, շատ լավ գիտենք, թե ինչպես են փոխհամաձայնեցված աշխատում: Մենք շատ լավ գիտենք, որ միայն F-16-ը կարող էր թեկուզ 60 կմ խորությունից համապատասխան բարձրությունից տեսնել «Սու-25»-ը: Ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող նրան այդ պահին այդ տեղում հայտնաբերել, իսկ F-16-ը գիտեր։ Եթե որևէ մեկի մոտ կասկած կա, մենք կարող ենք այդ ամենը ներկայացնել համապատասխան միջազգային փորձագետներին»,- նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանն չասաց, թե քանի F-16 կործանիչ կա այս պահին Ադրբեջանի տարածքում, սակայն նկատեց, որ դրանք զույգերով կատարում են համապատասխան խնդիրներ:

Նա նաև նշեց՝ հայկական կողմին հայտնի է, թե որ երկրի տարածքով են F-16-երը հայտնվել Ադրբեջանի տարածքում, բայց այս պահին չի կարող հրապարակել:

 

 

  • Կիսվել: