Արթուր Ղազինյանը 5-րդ անգամ մերժվեց
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր կրկին քննարկվում էր փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հերթական անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Իշխող մեծամասնությունը 5-րդ անգամ չընտրեց Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ «Կողմ» քվեարկեց միայն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Վերջինս լքեց նիստը մինչև քվեարկությունը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ եթե «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրի նույն թեկնածուին, և նա չընտրվի, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, և հարցը կկարգավորի այլ ճանապարհով։
Կկատարվի հետևյալ փոփոխությունը․ «Եթե նույն անձը 2 անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը նոր թեկնածություն պետք է առաջադրի»։
Նիստի ընթացքում Ղազինյանն առաջակում էր խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու նպատակով օրակարգում ներառել ևս մեկ հարց․ «Մասնավորապես, հայտնի դարձավ, չհերքվեց, որ Ռուսաստանը հոկտեմբերի 7-ին առաջարկել է պատերազմը կանգնեցնել։ Ուզում եմ արձանագրել, որ հոկտեմբերի 7-ի դրությամբ մենք ունեինք ընդամենը, եթե չեմ սխալվում, 356 զոհ՝ պաշտոնական տվյալներով։ Այսօր ունենք 3900-ին մոտ զոհ։ Եթե ամսի 7-ին պատերազմը կանգներ, կունենայինք մոտավորապես 3600-ից պակաս զոհ»։
Նա պնդեց, որ իր առաջարկը պետք է ներառել հանձնաժողովի օրակարգում, քննարկել, ուսումնասիրել և պատերազմում ընկած զինվորների ծնողներին ու հարազատներին տալ սպառիչ պատասխան՝ ինչու՞ չի կանգնեցվել պատերազմն ու ովքե՞ր են այն չկանգնեցնելու որոշումն ընդունողները և ի՞նչ պայմաններում։
«Ձեր առաջարկն արեցիք, գնում ենք առաջ»,- արձագանքեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն անընդունելի համարեց այս գործելաոճը շարունակելը․ թեկնածուին անընդհատ նույն հարցեր տալն ու հետո նրան դեմ քվեարկելը և շեշտեց, որ անիմաստ քննարկմանն իրենք չեն կարող մասնակցել։
Մանուկյանը հեռացավ նիստից, նրան հետևեց Արթուր Ղազինյանը՝ մինչ այդ հայտարարելով, որ իր կարևոր առաջարկը մերժվեց, որովհետև իշխանությունը շահագրգռված չէ պարզել, թե ինչ հանգամանքներում է կայացվել պատերազմը չկանգնեցնելու որոշումը, ուստի հանձնաժողովի օրակարգն իր համար էլ է սպառված։
«Մեծ-մեծ չխոսեք, դուռը չշրխկացնեք»,- արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Դրանից հետո Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին իրավական լուծում պետք է տալ։
Նիստն ավարտվեց: