ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Վերականգնվում է Վերին Դվինի ասորական Ումրա եկեղեցին. Անդրեասյան

Վերականգնվում է Վերին Դվինի ասորական Ումրա եկեղեցին. Անդրեասյան

Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ՀՀ Արարատի մարզի Վերին Դվինի ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցու վերականգնման աշխատանքներին։

Նա նշել է, որ եկեղեցու վերականգնման հարցը ներառված է նախարարության կարևոր առաջնահերթությունների շարքում։ ԿԳՄՍ նախարարությունը մրցութային կարգով պատվիրել է Վերին Դվին գյուղի ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր։ Սակայն, հաշվի առնելով, որ հանրապետությունում հուշարձանների վերանորոգման և պահպանության աշխատանքների ծավալը մեծ է, դրանք անհրաժեշտ է կազմակերպել և իրականացնել փուլային ու համակարգված մոտեցմամբ։

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ այս տարի կիրականացվեն համապատասխան նախագծման աշխատանքները, այնուհետև կմեկնարկի բուն վերականգնումը:

«Գործում են հատուկ ընթացակարգեր․ նախագիծը պետք է քննարկվի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում, իսկ բուն աշխատանքների հսկողությունը պետք է իրականացվի մասնագիտական խորհրդի կողմից։ Այս տրամաբանությամբ, կարծում եմ, առաջիկա տարվա ընթացքում կամփոփվեն նախագծման աշխատանքները, ինչից հետո կմեկնարկի շինարարության փուլը»,- նշել է նախարարը:

Ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցու վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար պետական բյուջեից տրամադրվել է 6 մլն դրամ:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հուշարձանների վերականգնման համար նախատեսված ընդհանուր պետական ֆինանսավորմանը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ բյուջետային հատկացումները զգալիորեն աճել են․ «Նախորդ տարի հուշարձանների վերականգնման աշխատանքներին ուղղվել է ավելի քան 1.3 միլիարդ դրամ։ Այս պահին արդեն աշխատանքների ծավալը և որակը հասցվել են այնպիսի տեմպի, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր է դառնում աշխատանքներ իրականացնել շուրջ չորս տասնյակ հուշարձաններում»։

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ կարողությունների զարգացումն ու ֆինանսական հնարավորությունների ընդլայնումը հնարավորություն են տվել վերականգնման ծրագրերում ներառել բազմաթիվ նոր հուշարձաններ, որոնց թվում է նաև Վերին Դվինի ասորական Ումրա (Մար Թումա) եկեղեցին:

Նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության մեջ հատուկ շեշտադրված է ազգային փոքրամասնությունների հուշարձանների պահպանումը։ Նրա խոսքով՝ ներկայում արդեն իրականացվում են վերանորոգման աշխատանքներ ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգությանը պատկանող մի շարք հուշարձաններում։

«Մենք խոսում ենք մի քանի հարյուր հուշարձանի մասին, և բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ բոլորի վերականգնումն իրականացնել։ Սա շարունակական գործընթաց է, և առաջին հերթին պետք է զբաղվել առավել վտանգված հուշարձաններով, որոնք անհապաղ միջամտության կարիք ունեն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

  • Կիսվել: