հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«ՌեԱնիմանիա»-ն՝ անիմացիոն լավագույն ֆիլմերի ցուցադրության, համաարտադրության հրաշալի հարթակ. փառատոնն ազդարարեց մեկնարկը

«ՌեԱնիմանիա»-ն՝ անիմացիոն լավագույն ֆիլմերի ցուցադրության, համաարտադրության հրաշալի հարթակ. փառատոնն ազդարարեց մեկնարկը

Միջազգային փառատոններում հաղթած անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ,  համաշխարհային ճանաչում վայելող ռեժիսորների, պրոդյուսերների, անիմատորների հետ հանդիպումներ, համաարտադրության հարթակ և անիմացիոն շուկա: «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման փառատոնը, որը 2023-ին տոնում է 15-ամյակը, մեկնարկեց հոկտեմբերի 22-ին Կինոյի տանը:

Փառատոնը մեկնարկն ազդարարեց իրանցի ռեժիսոր Սեպիդեհ Ֆարսիի «Ազդանշան» հոգեցունց ֆիլմով: Մինչ ֆիլմի ցուցադրությունը դրվագներ ներկայացվեցին «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղր», «Աբու Հասանի մաշիկները», «Արևի հարսնացուն», «Աղվեսագիրք» հայկական անիմացիոն ֆիլմերից, քանի որ 2023-ին փառատոնը նվիրված է հայկական անիմացիայի 85 և հայ կինոյի 100-ամյակներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌեԱնիմանիա»-ի հիմնադիր, երգիծանկարիչ, գեղանկարիչ և մուլտիպլիկատոր Վրեժ Քասունին հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո երկու տարի փառատոնը չի կայացել: Այժմ վերադարձել են կարևոր նախաձեռնությամբ: «Հիմնադրել ենք համաարտադրության հարթակ, որին միացել են տասից ավելի միջազգային պրոդյուսերներ: Ունենք կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի, հեռուստասերիալների նախագծեր: Հեղինակները պրոդյուսերներին կներկայացնեն իրենց նախագծերը, հետո ներդրումներ կլինեն դրանց իրագործման համար, ինչը մեզ համար շար կարևոր է: Պետք է ոչ միայն ֆիլմեր ցուցադրել, այլև  զարգացնել արտադրության ոլորտը»,-ընդգծեց Քասունին:

Նա մեծ նշանակություն է տալիս նաև պատկերապատման զարգացմանը նպաստող հարթակի կայացմանը, որի շրջանակում ստացել են պատկերապատման 17 նախագիծ: Ժյուրիի անդամները Ֆրանսիայից են: Նրանք կուսումնասիրեն նախագծերը, և հաղթողները նյութական օժանդակություն կստանան:  «Այդպես խթանելու ենք պատկերապատման գրքերի հրատարակմանը: Կարծում եմ՝ տարին մի քանի գիրք լույս կտեսնի»,-շեշտեց փառատոնի հիմնադիրը:

Փառատոնը  տարիների ընթացքում կատարել է իր գործառույթը և նպաստել է Հայաստանում անիմացիոն ֆիլմերի արտադրության զարգացմանը: Այդ են փաստում տարբեր միջազգային հարթակներում հայկական անիմացիոն ֆիլմերի հաջողությունները, ինչպես նաև անհատների, որոնք ոլորտի մի մասն են դարձել հենց «ՌեԱնիմանիա»-ի շնորհիվ: «2009-ին մեզ հետ աշխատում էր մի կամավոր, որը ոլորտի հետ կապ չուներ, սակայն արդեն չորս տարի է՝ հանդես է գալիս որպես պրոդյուսեր: Հպարտությամբ եմ ասում, որ փառատոնի շրջանակում աշխատել ենք երիտասարդ անիմատորների հետ, որոնք  այժմ ստուդիաներ ունեն: Փառատոնը նրանց աջակցել է միջազգային կապեր ձեռք բերել, միջազգային հարթակներում վարպետության դասեր անցնել, ֆինանսական աջակցության ուղիներ գտնել, որ հասնեն իրենց նպատակներին, ինչը մեծ հաջողություն է մեզ համար»,-ասաց Վրեժ Քասունին:

IMG_9189.JPG (453 KB)

Անդրադառնալով հայկական անիմացիայի և հայ կինոյի հոբելյաններին՝ նա շեշտեց՝ ԹՈՒՄՈ կենտրոնում նախատեսվում են հետահայաց ցուցադրություններ: «Ներկայացնելու ենք այն վարպետներին, որոնք դրոշը փոխանցել են միմյանց, ոլորտը պահպանել ու հասցրել են մեզ: Խոսքը Լև Ատամանովի, Վալենտին Պոդպոմոգովի, Ռաֆայել Բաբայանի, Ստեփան Անդրանիկյանի, Ռոբերտ Սահակյանցի և Յուրա Մուրադյանի մասին է: Նրանք ֆիզիկապես մեզ հետ չեն: Կան այլ վարպետներ, որ այսօր էլ ստեղծագործում են, սակայն նախընտրեցինք ժամանակակից սերնդին ծանոթացնել  հիմնադիրների գործունեությանը»,-նշեց «ՌեԱանիմանիա»-ի հիմնադիրը:

Բացմանը արվեստագետներից, արվեստասերներից ու հետաքրքրասերներից բացի ներկա էին նաև պաշտոնյաներ:

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն ընթերցեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղերձը, որում ասվում էր. «Առանձնակի ուրախություն է տեսնել համաշխարհային արվեստի վառ ներկայացուցիչներին մեկտեղված քաղաքամայր Երևանում՝ քաղաքակրթությունների և մշակույթների ներգործության հարթակ ու խաչմերուկ հանդիսացող մեր քաղաքում, որն իր գոյության ընթացքում  բաց է եղել գեղեցիկի, արարման, ստեղծարար մտքի և նոր խոսքի համար: Այս բոլոր բաղադրիչներն առկա են «ՌեԱնիմանիա» փառատոնում, և այս կետում փառատոնի հետ դարձել ենք համախոհներ, ընկերացել ենք մեկ կարևոր համատեղ գիտակցված նպատակ իրականացնելու պատասխանատվությամբ՝ Երևանն ու Հայաստանը դարձնել ավելի լավը, բարություն ու լույս սփռել մեզ շրջապատող իրականությունում, մեր մշակութային առօրյան հագեցնել պատկերապատման արվեստի բերած կախարդանքով»:

IMG_9199.JPG (14.26 MB)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը  2023-ը յուրահատուկ համարեց՝ հիշեցնելով, որ հայ կինոն տոնում է 100-ամյակը, հայկական անիմացիան՝ 85-ամյակը, իսկ «ՌեԱնիմանիա» փառատոնը՝ 15-ամյակը: Ըստ նրա՝ փառատոնի անվանումը շատ հետաքրքիր է: «Ռե-ն երկու տարի դադարից հետո վերածնունդն է, անիմա-ն՝ որ փառատոնը կենդանի, աշխույժ պահի մեր մայրաքաղաքի և մեր հանրապետության մշակութային կյանքը և մանիա. մաղթում եմ՝ փառատոնը մանիա դառնա ավեստասերների համար: Ցանկանում եմ երկար կյանք փառատոնին, նորանոր հաջողություններ»,-ասաց փոխնախարարը:

IMG_9192.JPG (436 KB)

Փառատոնից ստացված հասույթն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երիտասարդներին՝ հասցեական ու թիրախային նպատակով։ Նախատեսվում են անիմացիոն տեխնոլոգիաներ, AI և VR-ի կիրառություն անիմացիոն կինոարվեստում ու հարակից այլ մասնագիտությունների դասընթացներ անցկացնել՝ ներգրավելով լավագույն մասնագետներին. նպատակն է բացահայտել տաղանդներին, աջակցել նրանց ու նպաստել հետագայում համագործակցության և աշխատանքի հնարավորությունների ստեղծմանը։

  • Կիսվել: