երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կստեղծվեն ազգային ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմներ, կվերահսկվեն հեղինակային իրավունքները

Կստեղծվեն ազգային ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմներ, կվերահսկվեն հեղինակային իրավունքները

Կառավարությունը հաստատել է Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը՝ Հայաստանում ֆիլմերի վարձույթի շուկան կարգավորելու նպատակով:

Արդյունքում՝ կստեղծվեն ազգային ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմներ, կվերահսկվեն հեղինակային իրավունքները, կհամակարգվեն պետական մարմինների և մասնավոր հատվածի փոխշահավետ ու թափանցիկ համագործակցությունը և վարձույթի շուկայի իրավակարգավորումը:

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի դասակարգման և տարածման մեխանիզմները, ինչը խոչընդոտում է կինո ոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի ռեյթինգների նշագրումը, գեներացված եկամուտների համամասնական բաշխման հնարավորությունը, միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին: Վարձութային վկայականը տարածման շուկայում ֆիլմի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները հաստատող փաստաթուղթ է, և այն պետք է լինի պարտադիր բոլոր տեսակի ցուցադրությունների համար:

Վարձութային վկայականի տրամադրման նպատակն է վարձույթի շուկայի տնտեսավարման համակարգումն ու եկամուտների մոնիթորինգը, ֆիլմերի պահանջարկի վերլուծությունը, ինչպես նաև շուկայական հարաբերությունների թափանցիկությունը:

Միաժամանակ ֆիլմերը վարձույթ մտնելուց առաջ ենթակա են դասակարգման և տարիքային սահմանափակման մասին նշագրման՝ օրենքով արգելված բովանդակության կամ տեղեկատվության փոխանցումը ըստ տարիքային սահմանափակման համակարգելու համար:

  • Կիսվել: