ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՊՈԱԿ-ը չպետք է գա ասի՝ իրենք ուզում են լավ պայմաններ, թե ոչ․ ԿԳՄՍ նախարարը՝ «Գոյ» թատրոնի լուծարման  մասին

ՊՈԱԿ-ը չպետք է գա ասի՝ իրենք ուզում են լավ պայմաններ, թե ոչ․ ԿԳՄՍ նախարարը՝ «Գոյ» թատրոնի լուծարման մասին

ՊՈԱԿ-ը չպետք է գա ասի՝ իրենք ուզում են լավ պայմաններ, թե ոչ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Գոյ» թատրոնի լուծարման և Սունդուկյան թատրոնին միացնելու որոշման շուրջ առաջացած դժգոհություններին ու քննադատություններին, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունը ֆինանսավորվում է պետության կողմից և պետությունն է որոշում ՝ ինչպես արդյունավետ օգտագործել հանրային ֆինանսները։ Չկա՛ որևէ տրամաբանություն նույն շենքում տեղակայված երկու միավորումների համար ունենալ երկու առանձին ադմինիստրացիա։ Ոչ մեկի աշխատանքը չի դադարեցվում, «Գոյ» թատրոնը պետք է շարունակի գործել, խոսքը վերաբերում է ընդամենը վարչական միավորումները միավորելու մասին ու սա «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի համար ստեղծում է նոր հնարավորություններ։ Հիմա իրենք գտնվում են մի պայմաններում, որտեղ բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ այդ աշխատանքը արդյունավետ չէ։ Մեր բոլոր թատրոնները տարիների ընթացքում սեփական եկամուտների աճ են գրանցում, «Գոյ» թատրոնը չկա դրանց շարքում։ Իրենք չեն կարողանում կատարել նույնիսկ սեփական եկամուտների այն ցուցանիշը, որը հենց իրենք են առաջարկում ու պլանավորում»,- ասաց նախարարը։

Անդրեասյանը պարզաբանեց, որ իրենք ունեն արդյունավետ կառավարման խնդիր՝ միաժամանակ նշելով, որ թատրոնի ստեղծագործական խմբի գործունեությանը ոչինչ չի սպառնում։

«Ավելին, նրանց տրվում է հնարավորություն, որ եթե այս պահին տվյալ բեմը օգտագործելու հնարավորություն ունեն, կարողանան օգտվել նաև Սունդուկյան թատրոնի բոլոր ենթակառուցվածքներից ու հնարավորություններից՝ պահպանելով իրենց անունը։ Ինձ համար տարօրինակ է «պայքարելու են մինչև վերջ արտահայտությունը», որովհետև ՊՈԱԿ-ը ընդամենը վերակազմավորվում է, պայքարի որևէ տրամաբանություն և իմաստ չեմ տեսնում»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

  • Կիսվել: