չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԿԳՄՍՆ ապօրինությունների մասին դիմումը Կառավարությունը վերահասցեագրել է ԿԳՄՍ-ին. «Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ

ԿԳՄՍՆ ապօրինությունների մասին դիմումը Կառավարությունը վերահասցեագրել է ԿԳՄՍ-ին. «Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ

ՀՀ Կառավարությունից ինձ երեկ պատասխանել են, որ իրենց ուղարկված փաթեթեը վերահասցեագրվել է ԿԳՄՍ նախարարություն: Այսինքն, ես նամակ եմ ուղարկում  վարչապետին, և գրում եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը և նախարարությանը ենթակա թատրոնը արել են մի շարք ապօրինություններ, և  այդ նամակը վերահասցեագրվում է ապօրինություններ անողներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսագրությամբ ասաց թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը:

«Մեր դիմումի վերջում մենք խնդրել էինք հանդիպում կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի քննարկեինք թատրոնի հարցը: Հիմա, եթե դիմումը վերահասցեագրվել է նախարարություն, ԿԳՄՍ նախարարությունը պիտի՞ մեզ թույլ տա վարչապետի հետ հանդիպել: Սա բացահայտ անգործություն է կամ միտում. էս մարդիկ չեն ուզում, որ  հարցը հասնի վարչապետին»,-ասում է թատրոնի կառավարման խորհրդի նախագահը:

 

Սարգիս Արզումանյանի խոսքով, Կառավարությունից ստացած պատասխան ծանուցման մեջ նշված է, որ ԿԳՄՍ նախարարությունը պարտավորվում է 10-օրյա ժամկետում պատասխանել դիմումին: Թատրոնի աշխատակիցները պատրաստ են սպասել նախարարության պատասխանին, սակայն ամեն ինչ անելու են, որ կայանա հանդիպում վարչապետի հետ:

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի դիմաց ապրիլի 3-ից  դերասանները անժամկետ նստացույց են սկսել և բողոքում են «Գոյ» թատրոնը  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու նախարարության որոշման դեմ:

Նշենք, որ կառավարության որոշմամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է:

Մինչդեռ  «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

  • Կիսվել: