ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

Վերջին տարիներին զգալիորեն ավելացել են Հայաստանի հուշարձանների վերականգնման պետական հատկացումները։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում այս մասին հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Եթե 2022 թվականին այդ նպատակով տրամադրվել է 213 մլն դրամ, ապա 2025 թվականին ֆինանսավորումը հասել է 1.386 մլրդ դրամի՝ աճելով շուրջ 6.5 անգամ։ Իսկ 2027 թվականին հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար նախատեսվում է շուրջ 1.79 մլրդ դրամ»,– նշել է նախարարը՝ մանրամասնելով, որ աշխատանքներ կիրականացվեն 21 հուշարձանում, որոնցից 13-ում կշարունակվեն արդեն մեկնարկած ծրագրերը, իսկ 8-ում կսկսվեն նոր աշխատանքներ։

Մինչև 2031 թվականի ավարտը նախատեսվում է վերականգնել ևս 40 հուշարձան։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանում վտանգված հուշարձանների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ուստի անհրաժեշտ է պահպանել վերականգնման աշխատանքների տեմպը։

Միաժամանակ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնման աշխատանքներ են իրականացվում ևս 9 պատմամշակութային հուշարձանում։

 

  • Կիսվել: