կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՑԹԻ-ն ներկայացրել է Հարություն Ալպոյաճյանի կողմից Անթուրայի թուրքական որբանոցում պատրաստված գոտին

ՀՑԹԻ-ն ներկայացրել է Հարություն Ալպոյաճյանի կողմից Անթուրայի թուրքական որբանոցում պատրաստված գոտին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Ցեղասպանությունը վերապրած Հարություն Ալպոյաճյանի կողմից Անթուրայի թուրքական որբանոցում պատրաստված գոտին:

՛՛Հարություն Ալպոյաճյանը(1904-1994) ընտանիքի անդամների հետ 1915 թ. տարագրվում է Կիլկիայի Ֆընդըճագ լեռնային գյուղաքաղաքից: Տասնմեկամյա Հարությունը, գաղթի ճանապարհին կորցնում է իր հարազատներին, ապա հրաշքով փրկվելով մահից և անասելի չարչարանքներ ու զրկանքներ կրելով՝ հայտնվում է Անթուրայի թուրքական որբանոցում: Այստեղ Հարությունը ենթարկվում է բռնի կրոնափոխման և ստանում է Շյուքրի անունը, իսկ նրա Ալպոյաճյան ազգանունը վերափոխվում է 535 թվանշանի:
 
Պատերազմից հետո որբանոցի հովանավորությունը վերցրեց ամերիկյան Կարմիր խաչը: Կրոնափոխված հայ որբերը վերամկրտվեցին և կրկին դարձան քրիստոնյաներ: Որբանոցից հետո Հարություն Ալպոյաճյանը հաստատվում է Սալոնիկում, իսկ 1925 թ. հայրենադարձվում է Խորհրդային Հայաստան:
 
Շյուքրու-Հարությունն Անթուրայի որբանոցում գոտիններ է պատրաստել: Իր հուշերում Հ. Ալպոյաճյանը գրում է, որ առաջին անգամ, երբ որոշում է գոտի պատրաստել, թելերը վերցնում է մաշված գուլպաներից, իսկ որպես գործիք օգտագործում է լարից պատրաստված ասեղը: Պատանի որբի կողմից պատրաստված գոտիների համբավը տարածվում է որբանոցում և դրա սահմաններից դուրս, և Շյուքրուն սկսում է պատվերով աշխատել: 1918 թ. սկզբին, երբ Ջեմալ փաշան այցելում է Անթուրայի որբանոց, 535 համարի որբին ներկայացնում են թուրք պաշտոնյային` իբրև օրինակելի սան և ցույց տալիս նրա պատրաստած գոտին: Ջեմալը գովաբանում է փոքրիկ վարպետին և հրահանգում է որբանոցի ղեկավարությանը նրա մասին հոգ տանել:
 
Հ. Ալպոյաճյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր բանակի կազմում գերմանացիների դեմ մարտնչելիս գերի է ընկնում և մի քանի տարի անցկացնում է համակենտրոնացման ճամբարում: Պատերազմից հետո ստիպված է լինում դիմակայելու ստալինյան ճամբարների դժնդակ պայմաններին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: