ուրբաթ, դեկտեմբեր 6
6 / 12 / 2024
Հայաստանը ներկայացնող պարային զույգը՝ Երևանում անցկացված մեծահասակաների 10 պարաձևերով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող պարային զույգը՝ Երևանում անցկացված մեծահասակաների 10 պարաձևերով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող Յարոսլավ Կիսիլյով/Սոֆյա Ֆիլիպչուկ պարային զույգը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում օրերս անցկացված մեծահասակների 10 պարաձևերով աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված առաջնությանը 31 երկրի ներկայացուցիչ է մասնակցել:

Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Բաբայանի խոսքով՝ աշխարհի առաջնությունն անցկացվել է ամենաբարձր մակարդակով. «Ամեն ինչ ֆանտաստիկ էր: Բոլորը շատ գոհ և երջանիկ են հեռացել մեր երկրից՝ ամենավառ տպավորություններով: Մեր միջազգային գործընկերները միայն գովասանքի խոսքեր հնչեցրին առաջնության կազմակերպման վերաբերյալ»:

Գեորգի Բաբայանը բարձր է գնահատել Հայաստանը ներկայացնող զույգի ցույց տված արդյունքը և նշել՝ Յարոսլավ Կիսիլյովն ու Սոֆյա Ֆիլիպչուկն իրենց նորամուտն էին նշում մեծահասակների մրցապայքարում:

«Սա աննախադեպ արդյունք էր մեր զույգի համար, հատկապես եթե հաշվի առնենք, որ մեծահասակների կարգում սա նրանց առաջին տարին էր: Վստահ եմ՝ դեռ մեծ հաջողություններ են ունենալու»,- ասել է Գեորգի Բաբայանը:

Երևանում անցկացված մեծահասակաների 10 պարաձևով աշխարհի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել է Սլովենիան ներկայացնող պարային զույգը, իսկ արծաթե մեդալները նվաճել են Լեհաստանի ներկայացուցիչները:

Որակավորման փուլից հետո լավագույն 24 զույգերը դուրս են եկել քառորդ եզրափակիչ, որից հետո կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել 12 զույգ: Եզրափակչում հանդես է եկել 6 զույգ՝ թե՛ լատինամերիկյան, թե՛ եվրոպական պարաձևերում:

  • Կիսվել: