չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը ժամանակավորապես դադարեցնում է նստացույցը և գնում ԿԳՄՍՆ-ի հետ բանակցությունների

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը ժամանակավորապես դադարեցնում է նստացույցը և գնում ԿԳՄՍՆ-ի հետ բանակցությունների

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը ժամանակավորապես դադարեցրել է նստացույցը՝ նշելով, որ պատճառը ԿԳՄՍՆ-ի հետ բանակցություններն են, որոնք պետք է մեկնարկեն: Այս մասին թատրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտնում է ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:

Նա հայտնել է, որ այսօր առանց նախապայմանների են գնում հանդիպելու․

«Քանի որ այստեղ չկան երաշխիքներ, մենք ժամանակավոր ենք դադարեցնում նստացույցը։ Կգնանք, կտեսնենք ինչ է տեղի ունենում, որից հետո կհասկանանք՝ շարունակել նստացույցը, թե՝ ոչ»,-ասել է ռեժիսորը և նշել, որ հանդիպումից հետո կորոշեն հետագա անելիքները:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք ապրիլի 3-ից անժամկետ նստացույց էին իրականացնում թատրոնի փակ դռան առաջ՝ ՀՀ կառավարությունից և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պահանջելով իրենց հնարավորություն տալ աշխատել, որպես անկախ թատրոն:

  • Կիսվել: