ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Առաջին անգամ Հայաստանում կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները

Առաջին անգամ Հայաստանում կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները

Սպաասվում է անզուգական երաժշտական իրադարձության Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 26-ին ժամը 19:00-ին «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնին հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու մշակութային սահմանները չեղքող անմոռանալի համերգ։

Առաջին անգամ Հայաստանում #MoricconeConductsMorricone խորագրի ներքո կհնչեն լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի խորհրդանշական ստեղծագործությունները։ Մորիկոնեի հավերժական մեղեդիներն ու գրավիչ մշակումները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ և կոմպոզիտորի որդու՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ։

Բացառիկ ու շքեղ երեկոյին միանալու է նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Գրեթե վեց տասնամյակ հարուստ պատմություն ունեցող երգչախումբը միջազգային ճանաչում է ստացել Կոմիտասի, հայ դասական կոմպոզիտորների և համաշխարհային վարպետների ստեղծագործությունների անթերի կատարմամբ:

Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը հասել է կատարողական բարձր մակարդակի, արժանացել հեղինակավոր տիտղոսների և բազում մրցանակների։ Երգչախմբի երգացանկը մշտապես գերել է հանդիսատեսին ամբողջ աշխարհում և արժանացել է գովասանքի այնպիսի հեղինակավոր պարբերականների կողմից, ինչպիսիք են Le Figaro, The New York Times, The Boston Globe, Le Monde, The Independent, Paris Match, Meridional, Los Angeles Times, Mace­do­nia, Le Soir, La revue du Liban, Le provencal։ Roma Sinfonietta նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի միջև այս պատմական մշակութային համագործակցությունը խոստանում է համերգը վերածել անզուգական երաժշտական իրադարձության՝ հանրաճանաչ կոմպոզիտորի ստեղծագործությունները հանդիսատեսին ներկայացնելով գեղարվեստական նորարարությամբ ու հետաքրքիր լուծումներով: 

  • Կիսվել: