հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
74 ֆիլմ՝ 28 երկրից. մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը

74 ֆիլմ՝ 28 երկրից. մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը

Հայաստանում հոկտեմբերի 31-ից  նոյեմբերի 4-ը կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնը։ Այս տարի փառատոնը կանցկացվի Երևանում և 4 մարզերում՝ Լոռիում, Շիրակում, Տավուշում, Գեղարքունիքում: Փառատոնը  նվիրված է Հայ կինոյի 100-ամյակին։ Հրավիրված ասուլիսում «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ,  «Ռոլան» մանկապատանեկան միջազգային 19-րդ փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ շուրջ 38 երկրից ստացված 186 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 74 ֆիլմ՝ 28 երկրից։

«Այս տարի փառատոնը կրում է «Դեպի հույս» խորագիրը։ Մենք ձգտում ենք այնպես անել, որ ընտրված ֆիլմերն ուղերձ պարունակեն և հասանելի լինեն երեխաների համար։ Այս տարվա ուղերձը հենց հույսն է։ Լեռնային Ղարաբաղում  տեղի ունեցած ողբերգական վերջին դեպքերից հետո մտածում էինք՝ անել փառատոնը, թե ոչ։ Դժվար բարոյահոգեբանական իրավիճակ էր, սակայն որոշեցինք այն իրականացնել՝ խորագիրը դնելով հույս»,-ասաց Նունե Մանուկյանը։

«Ռոլան» 19-րդ մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացված են հետևյալ մրցութային և ոչ մրցութային անվանակարգերը՝ «Գրան պրի», «Լավագույն երկարաժամկետ խաղարկային ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ», «Լավագույն երկարաժամկետ անիմացիոն ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ», «Լավագույն Վիշեգրադի ֆիլմ», «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» և այլն։ Սահմանվել է նաև «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգը։  

Փառատոնի շրջանակում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած ֆիլմեր՝ «Մարդագայլեր» ֆիլմը, «Բել և Սեբաստիան. նոր սերունդը», «Անգամ մկները դրախտում տեղ ունեն», «Գլխարկ», «Աբազարկղ» և այլն։

Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական ֆիլմերի համայնապատկեր-100» հատուկ ծրագիրը՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին, որում ներկայացված են 12 հայկական ֆիլմեր։

Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը 2017 թվականից փառատոնի հատուկ ծրագրերի շրջանակներում համագործակցում է «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ։ Այս տարի իրականացվող հատուկ ծրագիրը կկրի «Վիշեգրադ+ Հայաստան. միջմշակութային երկխոսության նոր հնարավորություններ» խորագիրը։

«Փառատոնի ծրագրում ընդգրկված են բազմաթիվ բազմաժանր, հետաքրքրիր ֆիլմեր։ Մեր հորդորն է ծանոթանալ ֆիլմերի ցանկին ու անպայման մասնակցել։ Արդեն 19-րդ անգամ անցկացվող փառատոնը հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները։ Մեր օրակարգում կրթական բաղադրիչն է, ֆիլմերի հանրահռչակումն է, հատկապես տեղական արտադրության, մարզերում լավագույն ֆիլմերը հասանելի դարձնելն է»,-ասաց Նունե Մանուկյանը։

  • Կիսվել: