չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
«Վերածնվածը». Արցախցի կինոռեժիսորը նոր ֆիլմով աշխարհին կպատմի 44֊օրյա պատերազմի մասին

«Վերածնվածը». Արցախցի կինոռեժիսորը նոր ֆիլմով աշխարհին կպատմի 44֊օրյա պատերազմի մասին

2020թ. արցախյան 44֊օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմ է ստեղծվում՝ «Վերածնվածը»: Ֆիլմի ռեժիսորն է արմատներով արցախցի Ջիվան Ավետիսյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կինոռեժիսորը նշեց, որ «Վերածնվածը» ֆիլմի նկարահանման համար իրականացվում են տարբեր աշխատանքներ։ «Մենք հղկում ենք սցենարը, մշակում ենք կերպարների հագուստը, զուգահեռ՝ փնտրում ենք ֆինանսավորում ֆիլմի արտադրական փուլի համար։

Վերջինի համար փնտրում ենք տարբեր ճանապարհներ, որոնցից մեկը crowdfunding արշավն է։ Այժմ Indiegogo InDemand հարթակում ձգտում ենք հասնել մեր վերջնական նպատակին. գործընթացն ամբողջությամբ արժե 100000 դոլլար, որին հասնելու համար անհրաժեշտ է շուրջ 20000 դոլլար։ Այս արշավին յուրաքանչյուր մարդ կարող է իր աջակցությունը ունենալ և, միևնույն ժամանակ, ստանալ իր նախընտրած պարգևը։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք ունենալ հրաշալի ֆիլմ՝ շնորհիվ մեր միասնական ուժի, ինչը դրսևորվեց Արցախի մասին պատմող մեր նախորդ ֆիլմերի ստեղծման ժամանակ», - նշեց Ջ. Ավետիսյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ մենք ինքներս պետք է ներկայացնենք աշխարհին իրականությունը. սա է նոր աշխատանքի հիմքն ու նպատակը։ «Արցախը մեր Երուսաղեմն է, Արցախը մեր հպարտությունն է, և այն մեր կյանքի կարևորագույն մասն է, ինչպես, բնականաբար, մեր հայրենիքի մյուս հատվածները։ Եվ մենք, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շարունակում ենք խոսել Արցախի մասին։ Ես դա սկսել եմ դեռ ուսանողական տարիներից և դեռ 2012-13թթ-ին ստեղծել եմ «Թևանիկը»՝ իմ առաջին խաղարկային ֆիլմը։

Արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմով բացվել է Սալենտոյի միջազգային փառատոնը

Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր աշխատանքով պետք է պայքարի, ես էլ ֆիլմերի միջոցով եմ իմ ներդրումը ունենում այդ պայքարում։ Ցավոք, այսօր մեր սահմանները գծվում են բռնապետերի կողմից, ու հենց այդ պատճառով մենք չպետք է թողնենք, որ մեր պատմությունը պատմեն ուրիշները։ Արցախի հարցը, նախևառաջ, մարդկային իրավունքի հարց է, այնպես, որ սա պարզապես ազգամիջյան կոնֆլիկտ չէ։ Մեր նոր ֆիլմի սցենարի առանցքն էլ մարդկային ճակատագրերն են, որոնք իրենց վրա կրել են պատերազմի հետքերը՝ նաև այն պարագայում, որ պատերազմական իրադարձություններին ոչ մի անմիջական մասնակցություն են չեն ունեցել։ Սա է այն հիմնական գաղափարը, որի շուրջ ծավալվում են դեպքերը և փորձում են հանդիսատեսին մտածելու առիթ տալ», - ասաց Ջ. Ավետիսյանը։

Կինոռեժիսորի համոզմամբ՝ «Վերածնվածը» նախևառաջ ինքնության փնտրտուքի մասին է։ «Մեզ բոլորիս անհրաժեշտ է վերածնվել, հասկանալ, թե ով ենք մենք, ինչ ենք անում, ինչ ենք սպասում ապագայից։ Ֆիլմը հայ հանդիսատեսի համար պետք է նպաստող լինի, որ գտնի իր ինքությունն ու էությունը, իսկ օտարին փորձելու ենք շարունակել պատմել Արցախի մասին, հիշեցնել, որ անկախ նրանից, թե որտեղ ես ապրում, ինչ ազգություն ունես, եթե մոլորակի որևէ հատվածում պատերազմ է, այն կարող է թիթեռնիկի էֆեկտով իր ազդեցությունն ունենալ քո կյանքի վրա։

Մեր նախկին ֆիլմերում մենք շատ ենք խոսել Արցախի մասին, և այժմ, զուգահեռ «Վերածնվածը» ֆիլմի ստեղծմանը, ես ճամփորդում եմ, որպեսզի իմ նախորդ «Դրախտի դարպասը» ֆիլմը ներկայացնեմ նաև դրսում՝ առայժմ հիմնականում հայաշատ համայնքներում։ Ես հիմա Կանադայում եմ, մի քանի օր առաջ Միացյալ Նահանգներում էի և շուտով կրկին վերադառնալու եմ այնտեղ։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ ֆիլմի Լոսանջելեսյան պրեմիերան, ապա ֆիլմը ցուցադրություններ է ունեցել Դիտրոյթում, Նյու Ջերսիում, Բոստոնում, շուտով նաև Սակրամենտոյում, Սան Ֆրանցիսկոյում, Կանադայում՝ Տորոնտոյում, Մոնրեալում, ուր նախատեսված է սկզբնական 1 շաբաթյա ցուցադրությունների շարք, Բելգիայի Գենտ քաղաքում։ Բանակցությունները այլ քաղաքներում ցուցադրելու համար ընթացքի մեջ են։ «Վերածնվածը» ֆիլմը նույնպես պետք է ցուցադրվի աշխարհի տարբեր քաղաքներում և պատմի Արցախի մասին՝ այս անգամ՝ նոր կողմից, յուրովի» , - նշեց Ջ. Ավետիսյանը։

  • Կիսվել: