Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել, այսօր դատական առաջին նիստն է․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ այսօր այդ գործով նա առաջին անգամ դատարանի առջեւ կկանգնի։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար դրանք էժան գնով է վաճառել:
Իշխանությունը շահարկում է Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն մենք գրել էինք, որ քրեական վարույթի թեմա դարձած հողակտորների առյուծի բաժինը Եռաբլուրի դիմացի մայթին է, մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։ Դատական պրոցեսից ավելի ուշագրավ է լինելու թերեւս այն, որ ՀՀ երրորդ նախագահը որոշի լրագրողներին հարցազրույց տալ եւ արձագանքել Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին։
ՀՀԿ-ն առայժմ չի արձագանքել Քոչարյանի դիտարկումներին, միայն Արմեն Աշոտյանն է երեկ անդրադարձել․ «Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը»։ Սպասվում է, որ Սերժ Սարգսյանը կա՛մ կընդունի «պատերազմը» եւ կշարունակի պաշտպանվել, կա՛մ կրկին հրադադարի առաջարկ կանի։