հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վառելիքի շուկայում վերհանված մի շարք խնդիրների կարգավորման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն

Վառելիքի շուկայում վերհանված մի շարք խնդիրների կարգավորման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն

Վառելիքի տենդերի մասնակցող տնտեսվարող սուբյեկտը (բենզալցակայանը) հաղթում է իր առաջարկած ցածր գնով, սակայն մատակարարման ժամանակ պարզվում է, որ վառելիքն անորակ է։

 Այս մասին «Արցախպրես»-ին ասել է Արցախի Հանրապետության տարածքում «ՖԼԵՇ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի վաճառքի տնօրեն Կամո Ասլանյանը՝ նշելով, որ վառելիքի գնումների՝ նման անհավասար մրցակցության հաճախ են հանդիպում:

«Օգտվելով այն հանգամանքից, որ Արցախում բացակայում են համապատասխան լաբորատորիաներ ու լիցենզավորման հնարավորություն, անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտը անորակ վառելիքը իրացնում է որակյալի գնով՝ այսպիսով գլխիվայր շրջելով մրցակցային շուկան։ Բազմաթիվ անգամ հնչեցրել եմ այս հարցերը և պետական համապատասխան մարմինների, և տենդեր հայտարարող կազմակերպությունների, հիմնարկների ղեկավարների հետ հանդիպումներում, սակայն դեռևս չեն գտնվել հակակշիռներ։ Կցանկանայի, որպեսզի ոլորտը վերահսկող մարմինն ավելի սթափ լինի այս վրիպումների հարցում՝ պատշաճ վերահսկողության միջոցով ապահովելով վաճառողի և գնորդի շահերը», - ասել է նա։

ԱՀ ՀԾ և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Արմեն Մկրտչյանի խոսքով Հանձնաժողովի իրականացրած հարցումների արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ՝ կապված վառելիքի որակի, թերլցման հնարավոր դեպքերի և բենզալցակայաններում վառելիքի արտադրողի (ծագման երկրի) վերաբերյալ մակնշումների բացակայության հետ:

«Չնայած շուկայում գործող որոշ տնտեսավարող սուբյեկտներ ներմուծում են իրանական ծագման վառելիք, սակայն նրանց կողմից կիրառվող իրացման գները համարժեք են ռուսական վառելիքի գնին, ինչը սպառողի մոտ կարող է տպավորություն ստեղծել, որ այն ևս ռուսական ծագման է: Այս ամենը նույնպես վկայում է, որ արտադրողի վերաբերյալ բենզալցակայաններում համապատասխան նշումների բացակայությունը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել սպառողին: Շուկաներում բացահայտված վերոհիշյալ խնդիրները, թեպետ Հանձնաժողովի կողմից իրականացվող գործառույթների շրջանակից դուրս են, սակայն իրենց բացասական ազդեցությունն են թողնում «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի վրա: Նշված խնդիրների կարգավորման համար, Հանձնաժողովը ուսումնասիրության արդյունքները կներկայացնի լիազոր մարմնին՝ համապատասխան գործողություններ իրականացնելու նպատակով», - նշեց Ա. Մկրտչյանը:

ԱՀ ԷԳՆ սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԱՀ ՀԾ և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքների հիման վրա կիրականացնեն մոնիտորինգ և քայլեր կձեռնարկեն առկա խնդիրները լուծելու համար:

  • Կիսվել: