շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կոռուպցիան ու թալանը տեռորի, քաղաքական միտքն ու խոսքը խեղդելու միջոց են դարձել Հայաստանում. Մարգարյան

Կոռուպցիան ու թալանը տեռորի, քաղաքական միտքն ու խոսքը խեղդելու միջոց են դարձել Հայաստանում. Մարգարյան

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»:

«Ղարաբաղցուն ասել` Արցախը Հայաստան է, նշանակում է՝ ասել` ես եմ քո վարչապետը, քո իշխանությունը շինծու է»,-ասաց Մարգարյանը:

Ըստ նրա՝ այդ հայտարարությունն ուղղված է ոչ թե ադրբեջանցիներին կամ աշխարհին՝ առհասարակ, այլ հենց Արցախի ժողովրդին:

«Երբ վարչապետը հայտարարում է` արցախյան հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար, հետո էլ ընդգծում, թե Հայաստանի երեք նախագահներից ոչ մեկը նման բան չի ասել, ենթատեքստն այն է, որ ինքը պատրաստ է մի հավելյալ բան զիջել, որը նախորդները պատրաստ չէին զիջել: Ես զարմանում եմ` է՞լ ինչ պետք է զիջի, որ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ զիջի, մյուսներն էլ` ոչինչ, բայց այս անորոշությունը պայքարող, մարտնչող ժողովրդի քաղաքական ղեկավարության կեցվածք չէ»,-ասաց Հրանտ Մարգարյանը:

Նրա խոսքով՝ եթե մի ղեկավարություն ցանկանում է ժողովրդին ոտքի հանել և իրեն թվով ու հնարավորություններով գերազանցող մեկ այլ ուժի հաղթել, ուրեմն՝ պիտի համախմբի ժողովրդին, մինչդեռ ականատես ենք լինում հակառակ պատկերին.«Իսկ հիմա այդպե ՞ս է, թե ՞ օր օրի պառակտում է, քայքայում է, «սև ու սպիտակ» է, ղարաբաղցի-հայաստանցի տարանջատում է: Իշխանությունները նվաստացնում են բոլորին, ովքեր փորձում են խոսել: Ով հեռուստացույցից երկու անգամ ելույթ է ունենում, թալանի ու կոռուպցիայի հոդված են կպցնում պոչին»,-ասաց Մարգարյանը` նշելով, թե կոռուպցիան ու թալանը այլևս ոչ թե իրական երևույթներ են, որ պետք է պարզվեն, և հանցագործները պատժվեն, այլ տեռորի միջոց են քաղաքական միտքն ու խոսքը խեղդելու համար:

Մարգարյանն անդրադարձավ նաև պատերազմի հավանականությանը և նշեց. «Մենք պատրաստվու՞մ ենք պատերազմի, թե չենք պատրաստվում, իսկ եթե պատրաստվում ենք, պատրաստվում ենք, որ պարտվե՞նք, թե «պարտեցնելու» ենք, որ հաղթենք: Մենք այս ձևով չենք կարող գնալ կռվի և հաղթել: Կռվի պետք է գնանք և հաղթենք, եթե ունենք հզոր բանակ. ի՞նչ է այսօրվա մեր վիճակը` վարկաբեկված սպայական կազմ, բանակ, որից խոսում են` միայն թալանին ու կոռուպցիային անդրադառնալով, որտեղ նույնիսկ Ապրիլյան պատերազմի նահատակներն են շահարկման նյութ դառնում»:

Ըստ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի՝ ամենամեծ երևույթը, որ այսօր տեսնում է հասարակության մեջ, վախն է. «Ոչ անպայման վախ ֆիզիկական հալածանքից, այլ խայտառակ լինելուց, մարդկանց խոսակցության նյութ դառնալուց: Այդ վախն այսօր ավելի է կաշկանդում, քան եթե ստալինյան ռեժիմ լիներ, բռնեին Սիբիր ուղարկեին»:

Ելնելով վերը ասվածից՝ նա կոչ արեց. «Իմ կոչն է` չվախենալ ոչ մի բանից»:

  • Կիսվել: