ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքիայի փոխնախագահը հաստատել է՝ Արցախյան պատերազմում թուրքական հետախուզության ակտիվ դերը

Թուրքիայի փոխնախագահը հաստատել է՝ Արցախյան պատերազմում թուրքական հետախուզության ակտիվ դերը

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ասել է, որ Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ակտիվ դեր է խաղացել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում՝ օգնելով «ձևավորել ուժերի հավասարակշռությունը»: Այս մասին գրում է Nordic Monitor-ը։

Նոյեմբերի 26-ին խորհրդարանի պլանավորման և բյուջետային հանձնաժողովում նա ներկայացրել է նախագահին առընթեր պետական մարմինների տարեկան գործունեությունը։ Նշելով, որ MIT-ը երկրի համար հպարտություն է` Օքթայը պատգամավորներին ասել է, որ կազմակերպությունը մեծ ծառայություն է մատուցել Թուրքիային արտերկրում իր գործունեությամբ։
 
«Շատ տարածաշրջաններում, օրինակ` Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում, կազմակերպությունը կարևոր աշխատանք է կատարել, որը պաշտպանում է մեր ազգային շահերը և տեղում հավասարակշռություն է կազմում հօգուտ մեր երկրի՝ մեր պետական քաղաքականությանը համապատասխան», - ասել է նա։
 
Օքթայի խոսքով` Թուրքիան ոչ միայն «ահաբեկչական կազմակերպությունների» դեմ է հաջող գործողություններ իրականացրել, այլ նաև հասել է բազմաթիվ հաջողությունների՝ սկսած «Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայի» ավարտից մինչև վերջ «Լիբիայում լեգիտիմության համար պայքար»։
 
Ըստ լրատվամիջոցի` ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերել իր դաշնակից Ադրբեջանին, սակայն երբեք պաշտոնական հայտարարություններ չէին եղել պատերազմի ժամանակ թուրքական հետախուզության մասնակցության մասին։ Ընդհակառակը` համառորեն հերքվում էր MIT-ի մասնակցությունը։
 
Հիմնական պատճառն այն մեղադրանքն էր, որ MIT-ը Սիրիայում իր վերահսկողության տակ գտնվող ջիհադիստ գրոհայիններին է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
 
Հոդվածում, մասնավորապես, հիշեցվում է, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը 2020 թվականի նոյեմբերի 6-ին տված հարցազրույցում հիշատակել էր Լեռնային Ղարաբաղում թուրքական հետախուզական գործակալության մասին։ Նա նաև պնդել էր, որ Մոսկվան ստացել է հաստատված տեղեկություններ մարտի դաշտում սիրիացի վարձկանների ներգրավման մասին՝ անուղղակիորեն հղում անելով MIT-ին:
 
Հայաստանը մշտապես պնդում է, որ օտարերկրյա զինյալները Սիրիայից և Լիբիայից Ղարաբաղ են բերվել թուրքական հետախուզության միջոցով, և որ նրանք ռազմական հանցագործություններ են կատարել Արցախի ժողովրդի դեմ։
 
The Nordic Monitor-ը գրում է, որ հայկական սփյուռքի կազմակերպությունները շարունակում են հետաքննել, թե MIT-ի որ գործակալներն են ներգրավված եղել անցյալ տարվա հակամարտության մեջ՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարան բողոք ներկայացնելու համար:

  • Կիսվել: