հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ծմակահողում զարգացման ծրագրեր են իրականացվում. համայնքապետը ներկայացնում է առօրյան ու խնդիրները

Ծմակահողում զարգացման ծրագրեր են իրականացվում. համայնքապետը ներկայացնում է առօրյան ու խնդիրները

ԱՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքն ունի 251 բնակիչ. պատերազմից հետո բոլորն էլ գյուղ են վերադարձել և շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ծմակահողի համայնքապետ Արթուր Սաֆարյանը:

«Գյուղում վերաբնակեցվել է 6 ընտանիք. ևս 10 ընտանիքի կարող ենք ընդունել: Այս պահի դրությամբ 2 տուն է վերանորոգվում նրանց տրամադրելու համար: Դպրոցը՝ 24 աշակերտներով, վերաբացվել է դեկտեմբեր ամսից: «Երազանք» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ մայիս ամսին սկիզբ էր դրվել «Մեղվագործության խմբակներ Արցախի գյուղերի դպրոցներում» ծրագիրը, որի առաջին շահառուներից էին մեր գյուղի դպրոցականները: Օգոստոսին արդեն առաջին բերքահավաքն ենք կազմակերպել, և երեխաները ստացել են իրենց աշխատանքի արդյունքը: Իսկ սեպտեմբերից կմեկնարկի մեղվաբուծության մասին տեսական գիտելիքների խմբակ: Այսօրվանից գյուղում մեկնարկել է «Կայծեր» ռազմամարզական վրանային ճամբարի երրորդ փուլը: Մանկապարտեզն ունի 7 սան: Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, որոնց շենքային պայմանները գտնվում են վատթար վիճակում,. ունենք նաև հանդիսությունների սրահ: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում: Ամառային շրջանում ունենք ջրի խնդիր։ Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով»,- նշեց Ա. Սաֆարյանը՝ ցավով տեղեկացնելով որ 44-օրյա պատերազմում իրենց փոքր գյուղը 3 զոհ է ունեցել։

Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ բնակչության մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ:

  • Կիսվել: