ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թշնամին օգտվում է աշխարհի մի շարք խոշոր տերությունների լարված և գերշիկացած իրավիճակից․ ՌԱԿ

Թշնամին օգտվում է աշխարհի մի շարք խոշոր տերությունների լարված և գերշիկացած իրավիճակից․ ՌԱԿ

Բազմիցս խախտելով երեք երկրների եռակողմ համաձայնագրերը՝ Ադրբեջանը 2022թ. մարտի 8-ից շարունակաբար իրականացնում է հրադադարի խախտումներ Արցախի շփման գծում՝ արդյունքում պատճառելով մարդկային և նյութական կորուստներ, արդեն երկրորդ անգամ միտումնավոր դադարեցնում է Արցախի գազամատակարարումը, ստեղծելով ազգաբնակչության հումանիտար ճգնաժամային աղետ: Այս մասին ասված է Ռամկավար Ազատական կուսակցության տարածած հայտարարության մեջ:
 
՛՛Մարտի 24-ին թշնամին հրահրելով ռազմական բախում՝ իր տիրապետության տակ վերցրեց Փառուխ գյուղը և հարակից ռազմավարական տարածքները՝ տեղահանելով  բնակչությանը և պատճառելով մարդկային կորուստներ:
 
Սրանով Ադրբեջանը շարունակում է Արցախը հայաթափելու իր նպատակային քաղաքականությունը, ընդ որում, դա իրականացնելով ռուսական խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող գոտում, փորձելով հեղինակազրկել խաղաղապահներին միջազգային հանրության և Արցախի ազգաբնակչության շրջանում՝ արհամարհելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված որոշումը:
 
Ակներև է, որ թշնամին օգտվում է աշխարհի մի շարք խոշոր տերությունների լարված և գերշիկացած իրավիճակից, պղտոր ջրում ձուկ որսալով՝ առաջ է տանում իր հակահայ քաղաքականությունը: Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը խստորեն դատապարտում է Արցախի դեմ Ադրբեջանի թշնամական ագրեսիան, նրա կողմից ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումները, որոնք ամենևին էլ չեն բերում խաղաղության հաստատման: Միևնույն ժամանակ, մարտի 25-ին, Արցախի հասարակության որոշ խմբեր փորձում են «մեղավորներ» գտնել, օրհասական վիճակը կապել անհատի գործոնի հետ՝ չհասկանալով, որ դրանով ջուր են լցնում հենց թշնամու ջրաղացին, պառակտում հասարակությունը: Նման անկայուն իրավիճակ ստեղծելը դատապարտելի է, թշնամու ցանկություններին նպաստող: Մինչդեռ, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է բազմակողմանի համախմբում: Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին ու առաջնորդող անհատներին՝ լինել միահամուռ բռունցք՝ պատասխան տալու նենգ ոսոխին, որի համար օգտագործել քաղաքական, դիվանագիտական և անվտանգության պաշտպանման ողջ գործիքակազմը:
 
Հովիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
ՌԱԿ ատենադպիր
 
Հրաչյա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
ՌԱԿ ատենապետ՛՛,-նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: