ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Սույն նախաձեռնությունն ահազանգ է․ Արման Բաբաջանյանը՝ Արցախում ռուսաց լեզվին պետական լեզվի կարգավիճակ շնորհելու գործընթացի մասին

Սույն նախաձեռնությունն ահազանգ է․ Արման Բաբաջանյանը՝ Արցախում ռուսաց լեզվին պետական լեզվի կարգավիճակ շնորհելու գործընթացի մասին

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր մտահոգությունն է հայտնել Արցախում ռուսաց լեզվին պետական լեզվի կարգավիճակ շնորհելու գործընթացի շուրջ՝ համարելով, որ այն ամենևին էլ լեզվի մասին չէ

«Հուսամ Արցախում առնվազն որոշ ողջամիտ շրջանակներ մնացել են և հասկանում են, որ ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելը անշրջելի գործընթաց է, որն ամենևին լեզվի մասին չէ:

Նախագիծը Արցախը, արցախյան վերջնական կարգավորման գործընթացը, Արցախի շուրջ զարգացումների բոլոր հեռանկարները ռուսական ուղեծրում հավերժացնելու, Արցախի կարգավիճակի հարցը բացառապես ռուսական բարեհաճությանը հանձնելու մեր հայրենիքի արցախյան հատվածի ապագայի դեմ ակտ է:
 
Օրենքի սույն նախագիծը շատ քիչ է առնչվում Արցախին: Սա ուղերձ է Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանին և մեր ընդհանուր ապագային: Սա ուղերձ է Արցախի կայուն և երկարատև խաղաղության հասնելու գլոբալ ջանքերին, ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահությանը:
 
Այս պայմաններում Մինսկի խումբը որոշ ժամանակ ևս կշարունակի գոյություն ունենալ, տեսակապի միջոցով հանդիպել ՀՀ և Ադրբեջանի պաշտոնյաների հետ, ապա հարցը սահուն կերպով կտեղափոխվի Մոսկվա՝ ռուս-թուրքական բարձր մակարդակի քննարկումների օրակարգ: Օրեր առաջ այդ երկրի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Մեդվեդևը հայտնել էր, որ Մոսկվան Արցախի հարցի հետ կապված դետալները Թուրքիային իրազեկելու, նրա հետ քննարկելու անխուսափելի անհրաժեշտություն է տեսնում:
 
Վտանգված է մեր հայրենիքի անկախությունը և սույն նախաձեռնությունն ահազանգ է արցախյան և հայաստանյան այն բոլոր քաղաքական ուժերին, ում համար Արցախի և Հայաստանի ինքնիշխան, միասնական, ժողովրդավարական, արժանապատիվ ապագան այլընտրանք չունի»:

  • Կիսվել: