Սուբսիդավորում տոհմայնի կենդանիներ ձեռք բերելու համար
Անասնապահության ճյուղի տնտեսվարողներին կամ դրանով զբաղվել ցանկացողներին աջակցելու համար ԱՀ գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է ձեռքբերվելիք տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագիր: Փոխնախարար Տիգրան Առստամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նպատակը`ազնվացեղ, տոհմային սերնդի ստացումն է, տեղական նախրի բարելավումը, ինչպես նաև բարձր մթերատվության ապահովումը:
Նրա խոսքով` ներկրված ազնվացեղ տոհմային կենդանիները բուծվում են «Տոհմային կայան» ՓԲԸ և «Արմ-Ագրո» ՍՊԸ տոհմային տնտեսություններում, այնուհետև արտոնյալ պայմաններով տրամադրում են ֆերմերներին:
-Տոհմային ցուլերը խաչասերելով տեղի կովերի հետ, ստանում ենք խառնածին սերունդ, որը կառուցվածքով ու աճի տեմպով տարբերվում է տեղականից: Նախքան պատերազմն այս աշխատանքի արդյունքում արդեն ունեինք մինչև 8000 խառնածին անասնագլխաքանակ: Երկու տոհմային տնտեսություններից 2021 թվականին ֆերմերներին արտոնյալ պայմաններով տրամադրվել է 191 գլուխ տոհմային կենդանի,-մանրամասնեց փոխնախարարը` տեղեկացնելով, որ նշված ծրագիրը շարունակվում է:
Տ. Առստամյանի հաղորդմամբ` իրականացվում է նաև ներմուծվող տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորում: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր հայտատու տարեկան կարող է ներմուծել բավարարված հայտով նախատեսված քանակությամբ տոհմային կենդանիներ, որոնց սուբսիդավորումը սահմանվում է արժեքի 50 տոկոսի չափով: Մեկ խոշոր եղջերավոր կենդանու հաշվով տրամադրվում է ոչ ավել, քան 700 000 ՀՀ դրամ, մեկ գլուխ մանր եղջերավոր կենդանու հաշվով` 50 000 դրամ, մեկ գլուխ խոզի հաշվով` 200 000 դրամ, մեկ թև հավի, բադի հաշվով` 5000 դրամ:
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարարը հավելեց, որ մասնավորապես 2021 թվականին Ավստրիայից ներկրվել է ֆլեգվի ցեղատեսակի 120 գլուխ տոհմային հղի երինջ:
Արցախում անասնապահության զարգացմանն ուղղված ու գյուղատնտեսության այս ճյուղի տնտեսվարողներին ցուցաբերվող և նախատեսվող պետական աջակցության ծրագրերի մանրամասները թերթի առաջիկա համարում, գրում է Artsakhtert.com-ը։