Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի գրասենյակի մոտ հանրահավաք է անցկացվել
Այսօր՝ հուլիսի 29-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա` ԿԽՄԿ առաքելության ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելիս ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին վերադարձնելու պահանջով:
ԿԽՄԿ Արցախի գրասենյակի ղեկավարի հետ հանդիպել են Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Ներքին Գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ քննարկելու և պարզաբանելու կատարվածը:
ԿԽՄԿ Արցախի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամուն հավաքվածներին և առևանգված արցախցու հարազատներին տեղեկացրել է, որ իր հերթին հասկանում է ստեղծված իրավիճակը: Աշխատանքներ են տարվում՝ փորձելով գտնել լուծումներ:
Վագիֆ Խաչատրյանի դուստրը, ով ուղեկցում էր նրան, հետ է վերադարձել Ստեփանակերտ և պահանջում է ԿԽՄԿ-ից ջանքեր գործադրել և անհապաղ վերադարձնել իր հորը։

«Հորս իմ ձեռքից վերցրել ու տարել են: Ամենածանր վիճակում գտնվում եմ ես և իմ ընտանիքը: Ժամանակ ենք տվել ԿԽՄԿ-ին վերադարձնել նրան: Սա միայն իրենց հեղինակության վրա է ազդում, և ամբողջ պատասխանատվությունը նրանց ուսերին ու խղճին է: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հանդիպել ռուս խաղաղապահ զորակազմի ղեկավարի հետ, լսել նաև նրա կարծիքը այս իրավիճակի շուրջ։ Տեսնենք, թե նրանք ինչ լուծումներ են առաջարկում»,-նշել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը:

Վագիֆ Խաչատրյանի եղբայրը՝ Գուրգեն Խաչատրյանը, մեզ հետ զրույցում ասել է, որ այսօր առավոտյան` ժամը՝ 06:00-ին, եղբորը բերել է Ստեփանակերտ՝ ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ և նրանց մեքենայով ճանապարհելու Հայաստանի Հանրապետություն` բուժման նպատակով: Ճանապարհվել են 07:30-ին։


ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի խոսքով` ստեղծված իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ ոչ մի միջազգային կառույց ի վիճակի չէ ապահովելու արցախցիների անվտանգությունը։

Հավաքի մասնակիցներն այնուհետև ոտքով շարժվել են դեպի ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայան։

