չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Կորեայի ձորում փլուզում է տեղի ունեցել

Կորեայի ձորում փլուզում է տեղի ունեցել

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել ժողովրդին հայտնի Կորեայի ձորում։ Ժամը 17:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղեկություններ են ստացվել, որ Կոտայքի մարզից դեպի Երևանի սահման տեղական նշանակության ավտոճանապարհի 1-ին կմ-ի վերջնամասում (Կորեայի ձորի հատված) ճանապարհի փլուզում է տեղի ունեցել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով ժամանել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի աշխատակիցներն ու ճանապարհաշինարարներ։

Տեղում պարզվել է, որ ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով փլուզում է սկսվել և հնարավոր է այն ավելի մեծ տարածք ընդգրկի։ 

Ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչությունից՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ։

Ելնելով վարորդների և հետիոտների անվտանգությունից՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանի կարգադրությամբ երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է և տեղում ծառայություն են կատարում ՊԾ Երևան քաղաքի գնդի և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին էլ փլուզումը շարունակվում է։

  • Կիսվել: