երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտում կկազմակերպվի Խաչերթ

Ստեփանակերտում կկազմակերպվի Խաչերթ

Մայիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում կայանալիք ժամերգությունից հետո, տեղի կունենա Խաչերթ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Ներսես քահանա Ասրյանը՝ նշելով, որ Արցախում կազմակերպվում են տարբեր երթեր, սակայն առաջին անգամն է, որ Խաչերթ է լինելու:

Նրա խոսքով՝ այն կմեկնարկի Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցուց՝ հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի առաջնորդությամբ դեպի քաղաքային հուշահամալիր:

«Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի կենտրոնում ամփոփված է Քրիստոսի խաչափայտի մասունքը: 2012 թվականի հունվարի 28-ին՝ բանակի օրվա առթիվ, Ամենայն հայոց Հայարապետի տ օրհնությամբ Աշոտ Երկաթ թագավորի խաչը հռչակվել է՝ որպես բանակի պահապան և հովանավոր: Նույն թվականին, երբ Ստեփանակերտում անց է կացվել զորահանդես, այդ խաչն առաջնորդել է այն։ Քաղաքային հուշահամալիր ում կիրականացվի հոգեհանգստյան կարգ՝ աղոթք բոլոր նահատակների համար: Իսկ մայիսի 9-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարում պատարագ կմատուցվի, որից անմիջապես հետո կլինի հանրապետական աղոթք: Խնդրում և հորդորում ենք, որ բոլորս մասնակցենք հոգևոր միջոցառումներին: Որպես քրիստոնյա ՝ մենք հավատում ենք հոգիների անմահությանը, մենք հավատում ենք, որ մեր բոլոր նահատակները Սուրբ նահատակներ են, երկնային բանակի զինվորներ են»,- տեղեկացրել է Տեր Ներսես քահանա Ասրյանը:

  • Կիսվել: