ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 24-ին, Ստեփանակերտում հարյուրավոր քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել 1915 թվականի Հայոց Ցեղասպանության անմեղ զեհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Ստեփանակերտում մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող «Զանգակատուն» հուշակոթողին։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Զանգակատուն» հուշակոթող են այցելել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ և այլք:

Հուշակոթողին ծաղիկներ խոնարհելուց հետո ներկաները քաղաքային հուշահամալիրում այցելել են նաև արցախյան երրորդ պատերազմի ժամանակ զոհվածների գերեզմաններին։

Բնութագրությունը հասանալի չէ

Իր հարգանքի տուրքը մատուցած քաղաքացի Հարություն Ասլանյանը լրագրոողների հետ ճեպազրույցում չկարողացավ թաքցնել հուզմունքը։ «Նայում եմ բարձունքներին , որտեղ զոհվել են մեր հերոսները, և որտեղ թուրքը մեր հողի մի պատառիկը խլեց: Ես այսօր լսում եմ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի ձայնը: Ցավում և ողբում եմ, բայց նաև հույսով ու հավատով վաղվա օրվան եմ սպասում , որ Աստված կպատժի հայոց թշնամիներին: Պիտի ապրենք միասնաբար, արդար, ազնիվ, սիրենք զմիմյանս»,֊ ասաց նա։

Բնութագրությունը հասանալի չէ

Արցախյան երրորդ պատերազմի մասնակից, վիրավորում ստացած Գևորգ Միրզոյանը, խոսելով հայոց ցեղասպանության մասին, մեզ հետ զրույցում նշեց, որ 2020 թվականի պատերազմը ևս ցեղասպանություն էր հայ ժողովրդի նկատմամբ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մասնակիցը լինելով պատերազմին և տեսնելով ամենաահավոր իրողությունները՝ պիտի ասեմ, որ սա ցեղասպանություն էր: 1915 թվականից առայսօր թուրքը հստակ նպատակ ունի՝ ոչնչացնել հայ ժողովրդին: Տարիներ շարունակ թուրքը չի փոխում իր արյունոտ ձեռագիրը: Որպեսզի կանխենք նոր ոճրագործությունները, պետք է էլ ավելի հզորացնենք մեր ազգային բանակը, լինենք միասնական և միակամ»,- մասնավորապես ասել է Գ. Միրզոյանը:

  • Կիսվել: