ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում համշենահայերի ավանդույթների և մշակույթի վերաբերյալ ճանաչողական միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում համշենահայերի ավանդույթների և մշակույթի վերաբերյալ ճանաչողական միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ մարտի 4-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել Համշենի մշակույթին ու պատմությանը նվիրված միջոցառում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  մշակութային միջոցառմանը, որը կազմակերպվել էր  «Ֆրոնտ Արցախ» հասարակական կազմակերպության  և «Բեկոր» երիտասարդական  ակումբի կողմից, ներկայացվել են համշենահայերի բարբառով երգեր,  ազգագրական պարերը, նրանց նիստուկացն ու խոհանոցը:
 
Մեզ հետ զրույցում  «Ֆրոնտ Արցախ»-ի և «Բեկոր» երիտասարդական ակումբի կամավորական Անաստասիա Անդրյանը  համոզմունք է հայտնել, որ  Համշենը պատմական Հայաստանի  առեղծվածային ու  հետաքրքիր վայրերից է։
 
«Վերջին շրջանում Համշենի նկատմամբ  հետաքրքրությունը մեծացել է: Մենք նույնպես փորձեցինք  կազմակերպել միջոցառում և բացահայտել Համշենի մշակութային առանձնահատկությունները: Համշենն Արևմտյան Հայաստանի միակ խիտ բնակեցված տարածքն է, որտեղ մինչև օրս ապրում են հայեր։ Չնայած բռնի դավանափոխության հետևանքով իսլամական կրոնն ընդունելուն,  համշենահայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում ու պահպանել էթնիկ մշակույթը, բարբառը։ Համշենի  հայկական խորը արմատները փաստում են նաև այնտեղ  գտնվող եկեղեցիները, վանքերը»,-մանրամասնել է մեր զրուցակիցը:
 
Միջոցառման մասնակիցներից Անի Հայրապետյանը հնարավորություն է ունեցել շփվելու համշենահայերի հետ:
«Համշենահայերը  բարի են, ընկերասեր, բայց ժամանակ էր պետք, որպեսզի մենք հասցնեինք ընկերանալ։ Պետք է տարբեր փուլերով անցնել, մինչև նրանք  թույլ կտան  հյուրընկալվել  իրենց տանը։ Այդ փորձությունը շատ հետաքրքիր էր։ Առաջին քայլը մենք կատարեցինք՝  նրանց թեյ հյուրասիրելով, նրանց հյուրասիրությունը նույնպես չուշացավ և այդպես ընկերացանք»,-պատմեց Ա. Հայրապետյանը՝ հավելելով, որ  համշենահայերի հիմնական զբաղմունքը թեյի մշակությունն է։
 
Նրա բնութագրմամբ՝ համշենահայերը  բացասական չեն խոսում ոչ մեկի մասին: Նրանք շարունակում են տանը խոսել և միմյանց հետ  շփվել իրենց  բարբառով, որը մեր զրուցակցի կարծիքով, նման է Արցախի, Գյումրու բարբառին։

  • Կիսվել: