ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում բացվել է «Հանուն Արցախի» համակարգող կենտրոն

Ստեփանակերտում բացվել է «Հանուն Արցախի» համակարգող կենտրոն

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել «Հանուն Արցախի» համակարգող կենտրոնի բացման արարողություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գրասենյակի բացման պատիվը տրվել է նախաձեռնության անդամներին:

Բացման խոսքով հանդես է եկել նախաձեռնության անդամ Արթուր Բալասանյանը՝ ասելով, որ իրենց համազգային շարժմանը միացել են բազմաթիվ կազմակերպություններ և բարի կամքի տեր անձինք:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանը և Արցախը կանգնել են քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդավարական մարտահրավերների առջև. դրանք դարձել են արցախահայության լինել-չլինելու հարց: Ողջունելի է ԱՀ-ում կոորդինացնող կենտրոնի բացումը: Հույս ունենք, որ այն կիրականացնի ազգանպաստ գործունեություն: Այս նախաձեռնությունը պետք է նոր թափ առնի, կարողանա իրականացնել մեր տեսլականները՝ վերածվելով համահյկական նոր օրակարգի»,-մասնավորապես ասել է նախաձեռնող խմբի անդամը:

«Հայե´ր, միացե´ք» կազմակերպության համահեղինակ Ալեսյա Պադոլսկայան, ով հանդիսանում է կոորդինացնող կենտրոնի անդամ, ասել է, որ իրենց հիմնական գործունեությունը սկսել է ծավալել դեռևս տավուշյան իրադարձությունների ժամանակ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Կազմակերպության աջակիցներն աշխարհի բոլոր ծայրամասերում ապրող մեր հայրենակիցներն են: Նախաձեռնությունն Արցախյան երրորդ պատերազի հետևանքով աջակցություն է ցուցաբերել նաև Արցախից տարհանված քաղաքացիներին: Հիմնական բարեգործությունը դրսևորվում էր հագուստի, սննդի, դեղորայքի տեսքով, ինչպես նաև տրվում են ֆինանսական օգնություններ: Մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիս աջակցությունն իրականացրել ենք ՀՀ-ում: 2021 թվականի հունվարի 2-ից տեղափոխվեցինք Արցախ՝ շարունակելու մեր առաքելությունը: Մենք նաև տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերել ծայրահեղ վիճակում ապրող տարհանված ընտանիքներին: Այս պահին աշխատում ենք թիրախային՝ զարգացնելով համար տնտեսությունը, որը կհանգեցնի մարդկանց սոցիալական բարեկեցությանը»,- հավելել է Ա. Պադոլսկայան:

Նախաձեռնող խմբի անդամ Հայկ Քոչարյանի խոսքով՝ կորդինացնող կենտրոնի բացումը նպաստելու է աշխարհի բոլոր կազմակերպություններին, որ մարդիկ հստակ տեղեկություն ունենան, թե ինչի կարիք ունեն արցախցիները: Հավաքագրված ինֆորմացիան փոխանցվելու է այն բարեգործական կազմակերպություններին, ովքեր ցանկանում են օգնել Արցախին: Համակարգող կենտրոնը շուտով կունենան պաշտոնական կայք, որտեղ կտեղադրվեն իրականացվելիք ծրագրերը:

«Մենք պատրաստվում ենք առաջին հերթին աջակցել տարհանվածներին, ինչպես նաև Արցախի գյուղական համայնքների բնակիչների: Մարդկանց կտրամադրենք ընտանի կենդանիներ, գյուղատնտեսական սերմեր, պարարտանյութ, պտղատու այգիների հիմնման համար անհրաժեշտ այգեգործական գործիքներ և տեխնիկա: Համայնքներում բացելու ենք նաև համակարգչային հագեցվածությամբ դասարաններ»,- տեղեկացրել է Հ. Քոչարյանը:

Նախաձեռնող խմբի մյուս անդամ Բադալ Փալյանն էլ հորդորել է աշխարհի բարի մարդկանց և բարեգործական կազմակերպություններին՝ միանալ և փորձել միասնաբար արցախցիներին դուրս բերել ստեղծված դժվարին կացությունից:

  • Կիսվել: