ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ստեփանակերտում արժևորել են հաղթանակների օրվա խորհուրդը

Ստեփանակերտում արժևորել են հաղթանակների օրվա խորհուրդը

Այսօր՝ մայիսի 9-ին,  Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի օրվա կապակցությամբ Ստեփանակերտում մեկնարկել է  հազարավոր արցախցիների երթը՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմներում նահատակվածների  հիշատակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը նշել է, որ այսօր մայիսի 9-ը չի նշվում այն նույն խանդավառությամբ, որ կար մի քանի տարի առաջ:
 
«Բայց մենք իրավունք չունենք ժամանակավոր անհաջողությունների պատճառով մոռանալ մեր հաղթանակները և այն սերունդներին, ովքեր կերտել են այդ հաղթանակները: Այս օրը ապագա սերունդներին պետք է հիշեցնի, թե միասնական լինելու դեպքում ինչպիսի հաղթանակներ ենք կարողանում կերտել: Երբ մենք մտածում ենք մեր ապագա սերնդի մասին, մենք կարողանում ենք համախմբվել և միայն հաղթանակներ փոխանցել հաջորդներին: Պետք է պատմության դասերը սթափ գնահատենք և ապագայում նույն սխալները երբեք չկրկնենք»,-ասել է Ա. Հարությունյանը:
 
Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանի համոզմամբ՝ մայիս ամիսը միշտ էլ հաղթանակների ամիս է եղել՝ սկսած Ավարայրի ճակատամարտից: 
«Այս խորհրդանշական օրը միշտ էլ մեծ շուքով ենք տոնել,  այսօր էլ այն չի կորցրել իր խորհուրդը: Ես համոզված եմ, որ եռատոնը կդարձնենք քառատոն, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է համախմբվել, լինել միասնական ու բռունցք կազմել, ինչպես Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Պետք է գիտակցենք մեր թերությունները, բացթողումները և զերծ մնանք դրանցից: Ես համոզված եմ, որ Շուշին նորից մերը կլինի: Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի ապագա սերունդը մեզ չանիծի»,-ընդգծել է Գ. Հովհաննիսյանը:
 
Հայրենական մեծ պատերազմի վետերան Վազգեն Ալլահվերդյանը մեզ հետ զրույցում վերհիշեց պատերազմի դժնդակ օրերն ու, միևնույն ժամանակ, մեծ ոգևորությամբ խոսեց կերտած հաղթանակի մասին:
 
«Մասնակցել եմ  Հայրենական մեծ պատերազմին, կերտել հաղթանակ ու փոխանցել հաջորդ սերունդներին:  Այսօր իմ ժողովրդի ամենամեծ ցանկությունը Արցախի ճանաչումն է: Ես հայ ժողովրդին ցանկանում եմ միասնություն, համախմբվածություն։ Մեր բոլոր հաղթանակները միայն այս երկուսի շնորհիվ են կերտվել»,-նշել է Հայրենական մեծ պատերազմի վետերանը:
 
 
 

  • Կիսվել: