Ստեփանակերտում Արցախյան պատերազմներում նահատակված հայրենյաց պաշտպաններին նվիրված հուշաղբյուր է կանգնեցվել
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ստեփանակերտի Առաքելյան փողոցում տեղի է ունեցել հուշաղբյուրի բացման արարողություն՝ ի հիշատակ Արցախյան երեք պատերազմներում նահատակված տղաների:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախաձեռնությունը Առաքելյան փողոցի բնակիչներինն է:
«Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է իր ազատության, անկախության ու գոյատևման համար: Բացառություն չէին Արցախյան երեք պատերազմները: Այս թաղամասից պատերազմին մասնակցած 51 քաջորդի այլևս տուն չվերադարձավ, երկուսի ճակատագիրն էլ առ այսօր անհայտ է: Մենք շնորհակալ ենք և բոլորս պիտի մշտապես կանգնած լինենք հերոսների ընտանիքների կողքին։ Այս հուշաղբյուրն էլ հարգանքի, պատվի, հպարտության, հույսի, հավատի յուրահատուկ մի սրբավայր է»,-մեզ հետ զրույցում ասել է թաղամասի բնակիչ Ջիվան Հայրապետյանը:
Հուշաղբյուրն օծվել է Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ:
«Մեզ համար ծանր օրեր են իրար հաջորդում, այդուհանդերձ, այսօր հուշաղբյուր ենք բացում, ինչը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր կյանքն այստեղ՝ ապրենք ու ապրեցնենք: Տղաները իրենց կյանքը զոհեցին, որպեսզի մենք շարունակենք ապրել, և մենք պարտավոր ենք շենացնել ու զարգացնել մեր երկիրը: Այս հուշաղբյուրն օծումից հետո այլևս պիտի դառնա պաշտամունքի սուրբ վայր»,-նշել է Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:
Թաղամասի բնակչուհի Օլյա Դավթյանի ամուսինը՝ Ռաշիդ Դավթյանը զոհվել է 90-ական թվականների պատերազմում, իսկ որդին՝ Սլավան՝ 44-օրյա պատերազմի ժամանակ:
«Որդիս պատերազմի օրերին կարծես կանխազգում էր կատարվելիքը: Շնորհակալ եմ, բոլորին, ովքեր աջակցել են մեր հերոս տղաներին նվիրված հուշաղբյուրի կանգնեցման աշխատանքներին»,-ասաց Օ.Դավթյանը:
Բացման արարողությանը ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշաղբյուրին և հարգանքի տուրք մատուցել Արցախյան պատերազմներում մարտիրոսված հերոսների սուրբ հիշատակին ։