երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտի Թումանյանից՝ Երևանի Մոսկովյան. արցախցի ամուսինների Թումանյան'ս ART սրճարանը վերաբացվել է Երեւանում

Ստեփանակերտի Թումանյանից՝ Երևանի Մոսկովյան. արցախցի ամուսինների Թումանյան'ս ART սրճարանը վերաբացվել է Երեւանում

րցախի մայրաքաղաքում փակված վերջին սրճարանը՝ Թումանյան'ս ART-ը,  վերաբացվել է Երևանում՝ Մոսկովյան 6/7 հասցեում։

Քրիստին եւ Վադիմ Բալայանները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ Երևանում վերաբացման հետ կապված շատ խնդիրներ են ստիպված եղել հաղթահարել՝։

Դեռևս Ստեփանակերտում գործելու ժամանակ Բալայան ամուսինները սրճարանից և այնտեղ կազմակերպվող ցուցահանդեսներից ստացած ամբողջ հասույթով աջակցում էին հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Երեւանում գործող սրճարանը, նրանց խոսքով, նույն նպատակներն է ունենալու։ Եկամտի 20 տոկոսը ծախսելու են բարեգործական նպատակներով. տրամադրելու են Արցախից բռնագաղթված ընտանիքների երեխաներին։ Դեռ մեկ ամիս է, ինչ բացել են սրճարանի դռները, արդեն մեկ ցուցահանդես են կազմակերպել:

«Վիկտորյա Չիտունիիի նկարների վաճառքից ստացված եկամուտը գնում է Արցախից տեղահանվածների հիմնադրամ»,–  պատմեց  Քրիստին Բալայանը:

Նախքան սրճարանը բացելը Քրիստինը իր ձեռագործ աշխատանքների վաճառքի հասույթն էր երեխաներին փոխանցում, 2020 թվականի պատերազմից հետո, սակայն, աշխատանքների վաճառքը նվազեց: Դրա համար որոշեցին սրճարան բացել, քանի որ սնունդն ավելի լավ էր վաճառվում:

Ստեփանակերտում անցկացրած վերջին շաբաթվա ընթացքում, երբ այլևս ոչ մի սրճարան և ռեստորան չէրն գործում, Բալայանների ընտանիքը անվճար էր ուտելիք տրամադրում բոլոր նրանց, ովքեր ունեին դրա կարիքը: Քաղաքը լքելուց առաջ արցախցիներն իրենց տանը մնացած վերջին մթերքը Թումանյան'ս ART էին տանում: Վստահ էին՝ այնտեղ բոլորի համար է սեղան գցվում:

«Առաջին օրը ընդամենը 10 հոգու կարողացանք հաց տալ, որովհետև այդքանն ունեինք, վերջին օրը  մոտ 120 մարդ է հաց կերել մեզ մոտ»,- ասաց Քրիստին Բալայանը:

Թեև Արցախում նաև տունն են թողել, միևնույն է, տան համար այնքան չեն ափսոսում, որքան սրճարանի, որn իր շուրջն էր համախմբում բոլոր կարիքավորներին: Ամուսինների խոսքով, տունը միայն չորս պատ է, իսկ Թումանյան’սը՝ հոգի:

Արցախից շատ քիչ բան են բերել՝ տատիկից մնացած սնդուկը՝ լի երեխաների ձեռագործ աշխատանքներով, և մի կարպետ:

«Դու նայում ես ու ոչմի բան չես տեսնում, որովհետև աչքիդ դիմացով անցնում  է քո գիտակից կյանքը, ու դու պատկերացնում ես, թե ոնց պիտի դա տեղավորես ճամպրուկի մեջ: Գերեզմանները, որ երկար ժամանակ չես կարողանում գնալ, որտեղ քո զոհված հայրն է թաղված, ու մտածում ես, որ ոչ մի բան չպիտի վերցնես, որովհետև ամենակարևորը չես կարող վերցնել»,- պատմեց Քրիստինը:

Թեև այստեղ փորձում են ինտեգրվել նոր կյանքին, միևնույն է, Քրիստինը Արցախ վերադառնալու հույսը դեռ չի կորցրել. «Միշտ ասում են, որ պատմությունը կրկնվում է, ես չեմ կարող ասել, ես կտեսնեմ այդ օրը, թե չէ, բայց իմ երեխաները կամ նրանց երեխաները հաստատ կգնան Թումանյան՛ս»։

  • Կիսվել: