Ստեփանակերտի համար 2 դպրոցում անհայտ կորած ազատամարտիկ-շրջանավարտի հոբելյանին նվիրված միջոցառում է կազմակերպվել
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մայրաքաղաքի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված դպրոցի շրջանավարտ, Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած ազատամարտիկ Սպարտակ Գրիգորյանի ծննդյան 50-ամյակին։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկաները նախ հարգանքի տուրք են մատուցել անմահացած հայորդիների հիշատակին:
Անհայտ կորած ազատամարտիկի 50-ամյակին նվիրված միջոցառումը մեկնարկել է Տերունական աղոթքով և Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի օրհնանքի խոսքով:
«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ-ի նախագահ Վերա Գրիգորյանը՝ Սպարտակ Գրիգորյանի մայրը, երախտագիտություն է հայտնել կրթօջախի տնօրինությանն ու կոլեկտիվին՝ միջոցառման կազմակերպման համար:
«Արդեն հինգ տարի է՝ այս դպրոցում որդուս ծննդյան օրը միջոցառումներ են կազմակերպվում:
Այս դպրոցի 9-ը շրջանավարտ անհայտ կորել են Արցախյան առաջին պատերազմում: Նրանց անունով կրթօջախում դասարաններ են անվանակոչվել: Մենք կարոտով սպասում ու հիշում ենք նրանց: Հույսը վերջինն է մեռնում: Ես այդ հույսով եմ ապրում ու սպասում՝ աչքս միշտ ճամփին»,-ասել է տիկին Վերան:
Միջոցառմանը ներկա էր Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Նրա համոզմամբ՝ միջոցառումն ու ընթացքում հնչած խոսքը երդում են,ինչպես նաև հավաստում, որ հերոսների պայքարը շարունակվում է:
«Ես համոզված եմ, որ մեր վճռականության, խելացի, հետևողական քայլերի ու պայքարի շնորհիվ մենք կկարողանանք պահպանել, պաշտպանել և զարգացնել մեր արժեքները:
Թող, բոլոր անհայտ կորածները վերադառնան իրենց տուն ողջ-առողջ և շարունակեն մեզ հետ այս պայքարը»,-ասել է Ա. Բեգլարյանը:
Այնուհետև հայրենասիրական կատարումներով են հանդես եկել դպրոցի աշակերտները: Անհայտ կորած ազատամարտիկի մայրը՝ Վերա Գրիգորյանը, որդու 50-ամյակի միջոցառմանը նվերներ է հանձնել կրթօջախի տնօրենին, ուսուցիչներին ու աշակերտներին: