ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումն այսուհետ մշտական և անվճար տաք ջուր կունենա

Ստեփանակերտի «Արևիկ» բուժմիավորումն այսուհետ մշտական և անվճար տաք ջուր կունենա

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների դեպքում այլևս չի զրկվի տաք ջրից. հիվանդանոցի տանիքին 300 լիտր տարողությամբ 8 արևային ջրատաքացուցիչ է տեղադրվել:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են «Shtigen Group» ընկերությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արևիկ»-ն առաջին բուժմիավորումն է Արցախում, որն անցում է կատարել արևային էներգետիկայի։ Հիվանդանոցի 3 ամենամեծ բաժանմունքները՝ վիրաբուժական, մանկաբուժական, ռեանիմացիա-ինտենսիվ թերապիայի, և վիրահատարանը մշտապես անվճար տաք ջուր կունենան՝ տարեկան խնայելով մի քանի միլիոն դրամ։

«Երբ գազամատակարարումը դադարում էր, հիվանդանոցն անցում էր կատարում էլեկտրաէներգիայի սպառման, ինչի հետևանքով հոսանքի լարերն չէին դիմանում ծանրաբեռնվածությանը ։ Կլինիկայի գեներատորը, չդիմանալով ծանրաբեռնվածությանը, երկու անգամ փչացավ։ Ստիպված էինք բոլոր պլանային միջամտությունները հետաձգել, անհետաձգելի վիրահատությունների ժամանակ հոսանքազրկում էինք հիվանդանոցի մի մասը։ Իսկ հիմա այլևս նման խնդրի առջև չենք կանգնի»,- ասել է «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը՝ նշելով, որ հատկապես մանկական կլինիկայի դեպքում խնդիրը օրհասական էր։

Մանկական հիվանդանոցն էներգետիկ առումով անկախ ու անխոցելի դարձնելու ծրագիրը նախաձեռնել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Հարութ Մնացականյանը, իսկ դրամահավաքը կազմակերպել է «Republic of Artsakh» և «Armenian Military Portal» տելեգրամյան ալիքների սեփականատեր Վազգեն Ղազարյանը, որին հաջողվեց ՌԴ հայ համայնքի հանգանակությունների շնորհիվ հավաքագրել անհրաժեշտ ֆինանսական միջոցները։

«Մենք նպատակ ունենք մանկական հիվանդանոցն էներգետիկ առումով լիովին անկախ դարձնելուց հետո անցնել Արցախի մյուս առաջնային անհրաժեշտության օբյեկտներին։ Վստահ ենք, որ այդ առումով կշարունակենք համագործակցությունը Shtigen Group-ի հետ»,- նշել է Հարութ Մնացականյանը։

Նախագիծը հնարավորինս հեշտ ու արագ կյանքի կոչելու համար Shtigen Group-ն իր հերթին արտոնյալ պայմաններ է սահմանել և Արցախ գործուղել իր լավագույն վարպետներին, որոնք 5 օրում ապահովեցին ջրատաքացուցիչների տեղադրումը։

«Լիովին արևային էներգիայի օգտագործմանն անցնելու արդյունքում՝ բուժմիավորումը ձեռք կբերի էներգետիկ անկախություն, միաժամանակ՝ էլեկտրաէներգիայի սպառողից կվերածվի արտադրողի, էլեկտրական ցանցի ծանրաբեռնվածությունը կթուլանա»,- մեզ հետ զրույցում ասել է Արցախում Shtigen Group-ի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

Նշենք, որ Արցախում էներգետիկ անկախություն ապահովելու նպատակով Shtigen Group-ն այս տարվա ապրիլից սկսեց իրականացնել «Արևածագ Արցախում» նախագիծը՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր տան և հաստատության տանիքին տեղադրել արևային կայան ու ջրատաքացուցիչ։

Այդ նպատակին ընդառաջ, ընկերությունների խումբը կատարեց առաջին քայլը՝ անվճար հիմունքով 12 արևային ջրատաքացուցիչ տեղադրվելով արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց և բազմազավակ ընտանիքների տների տանիքներին։

Այդ ընտանիքներն այսուհետև տարին բոլոր անվճար տաք ջուր կունենան։

  • Կիսվել: