երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում նոր թաղամասի կառուցման աշխատանքներ են ընթանում

Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում նոր թաղամասի կառուցման աշխատանքներ են ընթանում

Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում տեղահանված արցախցիների համար կառուցվում է 15 բազմաբնակարաններից բաղկացած նոր թաղամաս: Շինարարական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: 

Բազմաբնակարան շենքերից 14-ի կառուցապատումն իրականացնող  «Մեչտա» առևտրային կազմակերպության գլխավոր ինժեներ Կառլոս Գրիգորյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ շինաշխատանքները մեկնարկել են 2021 թվականի սեպտեմբերի 20-ից:

«Բոլոր շենքերում դրանք գտնվում են տարբեր փուլերում: Ընդհանուր առմամբ՝ կունենանք 224 բնակարան, որից 80-ը կլինի 4 սենյականոց, 112-ը՝ 3, 32-ը՝ 2 սենյականոց: Շինհրապարակի տարածքը կազմում է 3.8 հեկտար, իսկ բնակմակերեսը՝ 21000 մետր քառակուսի»,- ներկայացրել է Կ. Գրիգորյանը: 

Գլխավոր ինժեների խոսքով՝ նոր թաղամասում նախատեսված են երեխաների խաղահրապարակ, մարզադաշտ ու զրուցարանի համար տաղավարներ: Նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ այն պատրաստ կլինի 2023 թվականի սեպտեմբեր ամսվա վերջին:

  • Կիսվել: