չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ստանոն վստահեցնում է՝ արցախահայերի՝ իրենց հայրենիքում ապահով ու արժանապատիվ կյանք ունենալու իրավունքի հարցը «դեռ սեղանին է»

Ստանոն վստահեցնում է՝ արցախահայերի՝ իրենց հայրենիքում ապահով ու արժանապատիվ կյանք ունենալու իրավունքի հարցը «դեռ սեղանին է»

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն «Ազատությանը» տված հարցազրույցում վստահեցրեց, որ, անտարակույս, բռնի տեղահանված արցախահայերի՝ իրենց հայրենիքում ապահով ու արժանապատիվ կյանք ունենալու իրավունքի հարցը դեռ սեղանին է:

՛՛Մենք շատ լավ գիտենք, թե դա ինչ ազդեցություն ունի հայ ժողովրդի վրա, հայ հասարակության վրա, որքան կարևոր է հայ ժողովրդի, բայց նաև՝ Ադրբեջանի համար։ Որովհետև այս մարդիկ Ադրբեջանից են՝ Լեռնային Ղարաբաղից: Լեռնային Ղարաբաղը մեզ համար միշտ դե յուրե եղել է Ադրբեջան։ Մենք ասում էինք՝ տեսեք, կա խնդիր, կա մի հարց, որը մնացել է շատ բարդ անցյալից, եկեք լուծենք այն որպես քաղաքակիրթ համայնք՝ բանակցային սեղանի շուրջ։ Դա, ցավոք, հնարավոր չդարձավ Ադրբեջանի միակողմանի գործողությունների պատճառով։ Ահա թե ինչու Եվրամիությունը շատ արագ տրամադրեց լրացուցիչ օգնություն Լեռնային Ղարաբաղից փախած մարդկանց համար: Եվ մենք հանձնառու ենք շարունակել օգնել Հայաստանին այս խնդրի լուծման գործում: Սա մեր օրակարգի հարցերից է, և փակ չէ, քանի որ մեծ թվով՝ հարյուր հազարից ավելի մարդու է վերաբերում՛՛,-նշեց նա:

Խոսելով այն մասին, թե ինչպես է տեսնում այդ հարցի լուծումը՝ Հայաստանի հետ աշխատելով, թե՞ պահանջելով Ադրբեջանից երաշխավորել նրանց իրավունքները՝ Ստանոն, մասնավորապես, նշեց. ՛՛Աշխատելով բոլոր ներգրավված կողմերի հետ, որովհետև մեր հիմնական պահանջներից մեկը, որը մենք շատ պարզ դրեցինք, երբ խնդիրը սկիզբ առավ, երբ սկսվեց զանգվածային արտագաղթը, և դա փոխանցվել է նաև մեր ադրբեջանցի գործընկերներին, այն էր, որ պետք է երաշխավորվի այս մարդկանց վերադառնալու և անվտանգ ապրելու իրավունքը: Ու մենք շարունակում ենք դիմել ադրբեջանցի գործընկերներին՝ երաշխիքներ տրամադրել և շատ անկեղծ ու հստակ ասել այս մարդկանց, որ նրանք կարող են վերադառնալ առանց որևէ սպառնալիքի և առանց որևէ մտահոգության, որ նրանց ունեցվածքը պետք է հարգվի, ինչպես նաև պետք է հարգվեն մշակութային և կրոնական խորհրդանիշներն ու սեփականությունը։ Այս հարցը փակված չէ, և մենք այն բարձրացնում ենք ամեն անգամ, երբ հնարավորություն ենք ունենում, Հայաստանի, բայց նաև Ադրբեջանի հետ՛՛։

  • Կիսվել: