Ղարաբաղի պատկանելության մասին ՌԴ նախագահի օգնականի խոսքերը զարմանք են առաջացնում. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիի՝ Արցախի հետ արված համեմատությանը:
«Հունիսի 9-ին Russia Today-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի հայտարարությունը, որում նա Ղարաբաղը ներկայացնում էր որպես վիճելի տարածք և խեղաթյուրում հայ-ադրբեջանական նախկին հակամարտության հետ կապված փաստերը, ափսոսանք և զարմանք են առաջացնում՛՛,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բացի դրանից՝ ադրբեջանական կողմից նաև հայտարարել են. «Զարմանալի է, որ ՌԴ նախագահի օգնական և Պատմական կրթության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեդինսկին, ըստ երևույթին, տեղյակ չէ, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել: Հիշեցնում ենք, որ Ղարաբաղը «բնիկ ադրբեջանական հող է» (չակերտները-խմբ.): Ավելին, Ռուսաստանն ինքը ճանաչում և միշտ ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք»: