Սկսվել է Մարտակերտ-Ճանկաթաղ-Վարդաձոր ճանապարհահատվածի ասֆալտապատումը
Շարունակվում են Մարտակերտ-Ճանկաթաղ-Վարդաձոր ճանապարհի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են դեռևս անցած տարվա օգոստոսին:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Ճանշին» ՓԲ ընկերության աշխղեկ Հովիկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ խոշորահատիկ ասֆալտբետոնով (ստորին շերտ) արդեն ծածկվել է 5 կիլոմետր հատվածը, իսկ մանրահատիկով՝ (ստորին շերտ) 2 կմ :
« Մեր աշխատանքն ընդգրկում է ճանապարհի 15 -22-րդ կիլոմետրն ընկած հատվածը:
Գործն ընթանում է բնականոն հունով:
Խնդիրները հիմնականում պայմանավորված են տեղանքի շրջադարձերով:
Բացի ասֆալտապատումից կկառուցենք անվտանգության համար նախատեսված բետոնե արգելափակոցներ: Ճանապարհի լայնությունը 10 -7,5 մետր է»,- մանրամասնել է Հ. Սարգսյանը, և ավելացրել , որ նախատեսում են աշխատանքներն ավարտել ընթացիկ տարվա հոկտեմբերին:
Ասֆալտապատող ընկերության աշխատակիցներից Նելսոն Հարությունյանի հավաստմամբ՝ աշխատանքն սկսում են վաղ առավոտյան, ավարտում՝ կեսգիշերին:
«Մեր աշխատանքից է կախված ասֆալտապատման որակը, ուստի փորձում ենք հնարավորին լավ կատարել մեզ վստահված գործը»,- ասել է Ն. Հարությունյանը: