շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շարունակելու ենք ՌԴ-ից քայլեր ակնկալել, բայց եթե չլինեն քայլեր, հարցեր կառաջանան, թե ինչու. Գրիգորյանը՝ Լաչինի միջանցքի բացման մասին

Շարունակելու ենք ՌԴ-ից քայլեր ակնկալել, բայց եթե չլինեն քայլեր, հարցեր կառաջանան, թե ինչու. Գրիգորյանը՝ Լաչինի միջանցքի բացման մասին

Հայաստանի հանդեպ ճնշումներ նաև միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Միութենական պետությունը ամբողջովին սուվերենության խախտումն է։ Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու օրակարգ չկա։ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են այդ հարցը քննարկելու հնարավորությունը՛՛։

Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից ՀՀ իշխանությունների հասցեին քննդադատություններին՝ Գրիգորյանն ասել է. ՛՛Երբ Հայաստանը պաշտպանում է ՀՀ սուվերենությունը, ընդդիմությունը եթե Հայաստանի Հանրապետությանն է պատկանում, ապա պետք է դեմ խոսի, կարծես՝ ընդդիմությունը սրան է պաշտպանում՛՛։

Գրիգորյանը նաև նշել է, որ Երևանը որևէ քայլ չի արել, որ Հայստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական ճգնաժամ ստեղծվի։ ՛՛Հայկական կողմն ակնկալում է, որ Լաչինի միջանցքը հնարավորինս արագ կբացվի։ Ամբողջովին միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է՛՛,-ընդգծել է ԱԽ քարտուղարը։

Ըստ նրա՝ հիմա ճգնաժամ է ստեղծվել, որի պատասխանատուն Ադրբեջանն է, իսկ այն լուծելու հնարավորություն ունի Ռուսաստանը, որովհետև ՛՛նա լիազորված է դա անելու նոյեմբերի 9-ով՛՛։ ՛՛Ադրբեջանն այս քայլով ուզում է քանդել նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը, դա պիտի մտահոգի ՌԴ-ին՛՛,-նշել է Գրիգորյանը և հավելել. ՛՛Շարունակելու ենք քայլեր ակնկալել, բայց եթե չլինեն քայլեր, հարցեր կառաջանան, թե ինչու՛՛։

Գրիգորյանի խոսքով՝ Լաչինում առկա ճնշումը ՀՀ տարածքում արտատարածքային միջանցք ստանալու համար է։ ՛՛Այս պահին ճգնաժամը լուծելու ՀՀ բոլոր գործիքները դիվանագիտական են՛՛,-նշել է նա:

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանություններն Արցախին չեն սատարում՝ ԱԽ քարտուղարն արձագանքել է. ՛՛Այս պահին հիմնական գործիքակազմը դիվանագիտականն է։ Հայաստանը պետք է շարունակի դիվանագիտական գործիքներ կիրառել, որպեսզի ճգնաժամը հանգուցալուծվի և ազատ տեղաշարժ կատարվի Լաչինի միջանցքով՛՛։

Ամփոփելով տարին՝ Գրիգորյանն ասել է, որ 2022 թվականը շատ ծանր էր Հայաստանի համար. ՛՛Շարունակվել են բոլոր կողմերից ճնշումներ։ Շարունակում ենք պայքարել, որպեսզի Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը կայունացնենք՛՛։

 

  • Կիսվել: