Սարուշենցիներն սկսել են ապրել բնականոն կյանքով
Պատերազմից հետո Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բոլոր բնակիչները վերադարձել են գյուղ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սարուշենի համայնքի ղեկավար Արեն Գասպարյանը:
Նրա խոսքով՝ սարուշենցիներն սկսել են ապրել իրենց բնականոն կյանքով: «2020 թվականի դեկտեմբերի 1-ից արդեն վերաբացվել են գյուղի դպրոցը և մանկապարտեզը: Դպրոցում սովորում է 48 աշակերտ, իսկ մանկապարտեզ հաճախում է 19 երեխա: Ունենք գործող բուժկետ, ակումբ: Համայնքապետարանի շենքը շատ հին է. վերանորոգման կարիք ունի: 220 տեղանոց հանդիսությունների սրահը գրեթե պատրաստ է շահագործման. մնում է այն կահավորել: Գյուղն ունի գազ, լույս, շուրջօրյա ջուր:Ամառային եղանակներին Սարուշենում ջրի սակավություն է լինում: Գիշերային լուսավորության խնդիրն արդեն լուծման փուլում է:
2020 թվականի ընթացքում համայնքում 650 քառ./մ սալապատման աշխատանքներ են կատարվել. մոտ 2000 քառ./մ-ի վրա անելիքներ դեռ կան»,- տեղեկացրել է գյուղապետը: Խոսելով զբաղվածության մասին՝ Ա. Գասպարյանը նշել է, որ հիմնական ուղղություններն անասնապահությունն ու գյուղատնտեսությունն են: Գյուղատնտեսական նշանակության հողերը գրեթե ամբողջովին գտնվում են չեզոք գոտում. մշակման գործընթացն անվտանգ չէ:
«Վերջերս, երբ գյուղացիները սկսել էին մշակել հողը, թշնամին, խախտելով հրադադարի ռեժիմը, կրակել է գյուղացիների ուղղությամբ՝ անհանգստություն պատճառելով բնակչությանը: Մինչ այդ դեպքը՝ թշնամիների կողմից մի քանի անգամ ևս կրակոցներ էին արձակվել: Վարելահողերը շատ մոտ են թշնամու դիրքերին: Պատերազմից վնասված 11 բնակելի տներ վերականգման փուլում են: Պատերազմից հետո Սարուշենի բնակիչները դեռևս որևէ աջակցություն չեն ստացել»,- ավելացրել է Ա. Գասպարյանը: