Սամվել Բաբայանը հետագա քայլերի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել «Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրահավաքի արդյունքների վերաբերյալ:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Ս․թ․ մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել «Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով հանրահավաք, որի ընթացքում հավաքի մասնակիցները, ընդունելի համարելով Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իմ տեսլականը, հանդես են եկել հայտարարությամբ՝ ԱՀ նախագահից պահանջելով համարժեք լիազորություններով ինձ նշանակել ԱՀ պետական նախարարի պաշտոնում։
ԱՀ նախագահի կողմից Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի միջնորդությամբ առաջարկվել է քննարկումներ ու խորհրդակցություններ սկսել քաղաքական բոլոր ուժերի հետ՝ ստեղծված իրավիճակից ելքերի շուրջ։
Բացառապես հասարակական-քաղաքական ցնցումներից խուսափելու նպատակով մեր կողմից ընդունվել է սույն առաջարկը՝ 10-օրյա ժամկետում քննարկումների միջոցով ելքեր գտնելու պայմանով։
Խորհրդակցություններից հետո հանդես կգամ քննարկումների բովանդակության և հետագա քայլերի վերաբերյալ հայտարարությամբ»: