հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սամվել Բաբայանի կուսակցության հայտարարությունը պետբյուջեի նախագծի վերաբերյալ

Սամվել Բաբայանի կուսակցության հայտարարությունը պետբյուջեի նախագծի վերաբերյալ

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Պետական բյուջեն Կառավարության ֆինանսական պլանն է, մեկ օրացույցային տարվա ընթացքում Կառավարության քաղաքականության ճանապարհային քարտեզը՝ ըստ պլանավորված գործողությունների և դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցների։ Եթե ավելի պարզ՝ պետական բյուջեն ֆինանսական փաստաթուղթ է, որում ամրագրված է, թե պետությունն ինչ ուղղությամբ է պատրաստվում շարժվել տվյալ տարում։

ԱՀ Կառավարության հավանությամբ «Արցախի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շրջանառության կապակցությամբ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարությունը քննարկումներ է ունեցել Նախագահի և Պետական նախարարի հետ, հիմնավորել իր տեսակետը և առաջարկել վերանայել օրենքի նախագիծը՝ սպառողական մոտեցումները վերափոխելով զարգացման նախադրյալների։

Սակայն, շրջանցելով հարցի շուրջ ձեռք բերված բանավոր փոխըմբռնումը, Ազգային ժողովի քննարկմանն է ուղարկվել «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը կրկնօրինակում է նախորդ տարվա նույնանուն փաստաթուղթը։

Հիմք ընդունելով վերոշարադրյալ հանգամանքները՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝

- «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը չի արտացոլում Արցախի ներքին և արտաքին իրողություններն ու դրանք հաղթահարելու հնարավորությունները։

- Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ իր սկզբունքային մոտեցումները օրենքի նախագծում արտացոլված չլինելու հիմքով ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու օրենքի նախագծի քննարկումներին»։

  • Կիսվել: