ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Սահմանամերձ Նոր Ղազանչի համայնքում հրատապ լուծման կարիք ունի խմելու ջրի խնդիրը

Սահմանամերձ Նոր Ղազանչի համայնքում հրատապ լուծման կարիք ունի խմելու ջրի խնդիրը

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի սահմանամերձ Նոր Ղազանչի համայնքը հայտնի է նաև իր 2 աղբյուրներով` «Թեմարի» և «Ներքին», որոնք այժմ ցամաքել են, ինչը ջրի խնդիր է առաջացրել գյուղում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանը տեղեկացրել է, որ ներկայում գյուղի բնակչները 3 օրը մեկ են ջուր ստանում:

«Ջուրը հավաքելու և խնայողաբար օգտագործելու համար ստիպված մեծ տարաներ են գնել: Ծրագիր կա, որ «Բեյզ Մեթըլս» ՍՊԸ-ի անցկացրած ջրագծից մեր գյուղին ջուր տրամադրեն»,-ասել է համայնքապետը:

Նրա տեղեկատվությամբ՝ 186 բնակիչ ունեցող Նոր Ղազանչիում Արցախյան երրորդ պատերազմից հետո 3 նոր ընտանիք է կազմավորվել և արդեն երեք ծնունդ է գրանցվել: Այստեղ նաև 2 տեղահանված ընտանիք է հաստատվել, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ:

«Բնակչությունը պատերազմից հետո նախկինի պես չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ և հողագործությամբ, քանի որ թշնամու դիրքերը շատ մոտ են: Խիստ նվազել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Գյուղացիներն էլ աշխատում են համայնքապետարանում, դպրոցում և այլն»,- մանրամասնել է մեր զրուցակիցը՝ միաժամանակ գոհացուցիչ գնահատելով հացահատիկայինների այս տարվա բերքահավաքի ցուցանիշները:

Նոր Ղազանչու 73 աշակերտ ունեցող դպրոցը որպես կրթօջախ է ծառայում նաև հարևան Կիչան համայնքի և Կիլիկիա թաղամասի երեխաների համար: Գյուղը չունի բուժկետ, ինչպես նաև մանկապարտեզ, չնայած նախադպրոցական տարիքի 17 երեխա ունեն:

Անդրադառնալով իրականացված շինաշխատանքներին, համայնքի ղեկավարը հայտնեց, որ վերանորոգվել են մայրուղուց մինչև Կիլիկիա թաղամաս և Նոր Ղազանչի ընկած ճանապարհահատվածները: Մեկ ամսից կմեկնարկի գերեզմանոց տանող ճանապարհի բարեկարգումը:

  • Կիսվել: