Սահմանամերձ Հին շենի երեխաներն արդեն խաղահրապարակ ունեն
Ընդառաջելով Շուշիի շրջանի ՀԻն շեն համայնքի ղեկավար Սամվել Ասրյանի խնդրանքին, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն աջակցություն է ցուցաբերել գյուղում մանկական խաղահրապարակ ստեղծելու և համապատասխանաբար կահավորելու հարցում:
Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ համայնքային կենտրոնի ու մշակույթի տան հարակից տարածքում արդեն իսկ տեղադրվել են մանկական խաղերի համար նախատեսված ատրակցիոններ, ճոճանակներ:
Առաջիկայում կբարեկարգվի տարածքը՝ ստեղծվելու է կանաչ գոտի, նախատեսվում է նաև կցանկապատել խաղահրապարակը: Հին շենը 2020 թվականի պատերազմից հետո դարձել է առաջնագիծ՝ հայտնվելով գյուղի դիմահայաց բարձունքում տեղակայված ադրբեջանական դիտակետի տեսադաշտում: Այստեղով է անցնում Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին:
«Ցանկացած ներդրում ամրացնում է սահմանը, բարձրացնում անվտանգության աստիճանը, ամրապնդում այստեղ ապրելու, արարելու ցանկությունը: Խաղահրապարակում խաղացող երեխաների ուրախ ճիչերը պետք է խլացնեն ադրբեջանական զինուժի կրակոցները»,-համոզմունք է հայտնել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն:
Նախարարի խոսքով՝ սահմանամերձ բոլոր բնակավայրերի բնակիչները, ու առավել ևս երեխաները մշտապես պետք է գտնվեն պետության ու անհատների ուշադրության և հոգատարության ներքո:
Երեխաներն արդեն փորձարկել ու հավանել են ատրակցիոնները, իսկ համայնքի բնակիչները խաղահրապարակը փոքրիկների համար հաճելի նվեր են համարում, որտեղ նրանք այսուհետ կկարողանան արդյունավետ անցկացնել իրենց ազատ ժամանակը: